Մատչելիության հղումներ

Այսօր առավոտից շրջափակվել էին Երևանի բոլոր դատարանների մուտքերը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով՝ այսօր քաղաքացիները վաղ առավոտից շրջափակել էին Երևանի բոլոր դատարանները։ Աշխատակիցները, դատավորները, փաստաբաններն այդպես էլ չկարողացան դատարանի դռներից ներս մտնել։

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն անգամ փորձեց շենք մտնել պատուհանից․ քաղաքացիները թույլ չտվեցին: Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ քաղաքացիների այս գործողությունները, Բալայանն արձագանքեց. - «Ես էս գործը վաղը կարող է քննեմ՝ ի՞նչ իմանամ»:

Նախքան կառավարությունում հրավիրված խորհրդաժողովը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ներողություն եմ խնդրում, որ էսօր բոլորին չեմ կարող գնալ այցելել և ուզում եմ հույս հայտնել, որ չեք թրջվել և եթե նույնիսկ թրջվել եք՝ չեք հիվանդանա: Եկել եմ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ», - հայտարարեց վարչապետը:

Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանին այսօր հաջողվել էր մուտք գործել իր աշխատավայր, նա մուտքը փակող քաղաքացիներից շուտ էր եկել:

Աջափնյակի դատարանի շենքում ապակի էր կոտրվել։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց՝ պատուհանը ներսից է կոտրված: Դրսից ազդեցություն չկա։ - «Ինձ ասում են, որ դատավոր է եղել, փորձել է մուտք գործել պատուհանից և ներսից ամուր փակելուց այն ներսի կողմից կոտրվել է», - ասաց Մակունցը:

Քաղաքացիներն այսօր փակ էին պահել նաև Նոր Նորքի դատարանի մուտքը։ Հենց այս դատարանում մայիսի 18-ին կայացվեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը: Այստեղ էր Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը, ասաց՝ այս գործընթացը ուշ, բայց ոչ ուշացած քայլ էր։ - «Ես կարծում եմ, որ այս առողջացման գործընթացից հետո մենք այլևս չենք ունենա դատավորներ, որոնք որ զանգով կամ այլ շահ ունենալով դատավարություն կիրականացնեն», - հայտարարեց Սանասարյանը:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ «Գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել գլխավոր դատախազություն՝ դրանք հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG