Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունում կարծում են, որ Ազգային ժողովը պետք է իր արձագանքը տա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչին, դրան հաջորդած իրադարձություններին և արդարադատության համակարգում լրջագույն փոփոխություններ անելուն: «Եվ դրա համար, կարծում ենք, Ազգային ժողովը պետք է անի արտահերթ նիստ, նախաձեռնել ենք ստորագրահավաք ամսի 21-ին՝ վաղը, ժամը 11-ին նիստ անելու համար», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Անձամբ զրույց եմ ունեցել երկու խմբակցությունների քարտուղարների հետ, տեղեկացրել եմ այդ մտադրության մասին, բայց դեռևս վերջնական պատասխան նրանցից չեմ ստացել: Կարծում եմ՝ կմիանան, համենայն դեպս՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, կարծում եմ, կմիանա», - նշեց Գորգիսյանը:

«Ազատություն»․ - Իսկ ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի կողմից ներկայացված այդ դրույթները, որոնք պետք է կատարվեն դատական համակարգը ամբողջովին վերափոխելու նպատակով, մասնավորապես, նախ և առաջ, գործող դատավորների գույքի ծագման, նրանց քաղաքական կապերի բացահայտման, ինչպես նաև մյուս դրույթների հետ կապված:

Գևորգ Գորգիսյան․ - Մենք արդեն մոտ մեկ տարի է խոսում ենք՝ այդ համակարգում լրջագույն արմատական փոփոխություններ է պետք անել, և համաձայն ենք, որ պետք է անել, պետք է այդ ամենը ուղղակի անել գրագետ, և դրա համար, կարծում եմ, կարիք չկար շրջափակելու դատարանները:

«Ազատություն»․ - Իսկ կոնկրետ ա՞յդ մասով, ինչի մասին նաև խոսել էր, ի դեպ, Էդմոն Մարուքյանը իր էջում, ամեն դեպքում, այդ հարցին անդրադարձել էր՝ դատավորների քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքի ձեռքբերման օրինականության և այլնի հետ կապված:

Գորգիսյան․ - Հասկանո՞ւմ եք, հիմա մեխն էլ է իրենց ձեռքին, մուրճն էլ, այսինքն՝ կա իշխանություն, կա ԱԱԾ, կա Ոստիկանություն, կան քննչական մարմիններ, թող անեն, ոչ ոք չի բռնել նրանց ձեռքը, և պատրաստ ենք ամեն ինչով աջակցել, եթե խոսքը գնա լուրջ օրենսդրական բարեփոխումների մասին, եթե գործը հասնի այնտեղ: Մենք պատրաստ ենք աջակցել և աշխատել, մեր ամբողջ ունեցած ներուժը ներդնել արդար, նորմալ․․․

«Ազատություն»․ - Ձեզ համար ընդունելի՞ են այդ դրույթները, որոնց մասին խոսեց Փաշինյանը:

Գորգիսյան․ - Արդար դատական համակարգ ունենալը ոչ միայն ընդունելի է, այև պարտադիր է մեր երկրի համար:

«Ազատություն»․ - Ճանապարհները նկատի ունեմ, որոնք նա մատնացույց արեց:

Գորգիսյան․ - Ճանապարհները, եթե կան դատավորներ, որոնք օրենքի խախտմամբ կատարել են դատական վճիռներ, կա կաշառակերության դեպք, կամ այս, կամ այն, պետք էր ուղղակի համապատասխան օրենքներով պատժվեին:

«Ազատություն»․ - Իսկ նրանք, ովքեր ՄԻԵԴ վճիռներով սխալ դատական ակտեր են կայացրել, այդ դատավորները պե՞տք է հրաժարական տան, թե՞՝ ոչ:

Գորգիսյան․ - Չեմ կարող ասել, կամ էլ պետք է քննարկել, և նաև դրա համար վաղը արտահերթ նիստ ենք հրավիրել՝ քննարկելու էդ ամեն ինչը:

«Ազատություն»․ - Դուք ասացիք, որ ճիշտ չէր դատարանների մուտքերը փակելը, արգելելը, որպեսզի դատավորները մուտք գործեն: Սակայն Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դատական իշխանությունը նույնպես պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը իրավունք ուներ այդ կերպ իր բողոքը հայտնելու:

Գորգիսյան․ - Ինձ կասե՞ք՝ ով է ժողովուրդը: Ժողովուրդը ո՞վ է՝ էն մարդիկ, ովքեր գնացել են աշխատանքի, ժողովուրդ չե՞ն, դատավորները, որ գնում էին, կամ դատարանի շենքում աշխատողները ժողովուրդ չե՞ն: Ո՞վ է որոշում՝ ով է ժողովուրդը, կարո՞ղ եք ինձ ասել:

«Ազատություն»․ - Հավաքված քաղաքացիները:

Գորգիսյան․ - Բայց ո՞վ է ասում, որ նրանք են ժողովուրդը: Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն են:

«Ազատություն»․ - Այսինքն, Ձեր պնդմամբ, սա հակասահմանադրական քա՞յլ էր:

Գորգիսյան․ - Դրան թող համապատասխան իրավապահները գնահատական տան: Եթե կա գնահատական տալու, ապա պետք է տան, ես կարծում եմ: Այսինքն, ժամանակը ցույց կտա, բայց արդարադատությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Հիմա, ինչպիսի գնահատական կտրվի այս կատարված գործողություններին, դա արդեն իրավապահները կորոշեն և միջազգային կառույցները նաև, կարծում եմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG