Մատչելիության հղումներ

Բարձրագույն դատական խորհրդի անդամները հավաքվում են Խորհրդի շենքում


Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամները հիմա հավաքվում են Խորհրդի շենքում։ Մուտքը բաց է՝ վարչապետի կոչից հետո քաղաքացիները վերացրել են արգելափակումը:

ԲԴԽ անդամներից Անի Մխիթարյանը լրագրողներին ասաց, որ աշխատանքի են եկել, չհստակեցնելով՝ ինչ հարց են քննարկելու։ «Ազատության» հարցը՝ արդյոք ԲԴԽ նախագահը և անդամները հրաժարական կտա՞ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից հետո, Մխիթարյանը անպատասխան թողեց՝ ասելով միայն․ - «Անհոգ եղեք»:

Խորհրդի մեկ այլ անդամ՝ Հայկ Հովհաննիսյանը, ով, ի դեպ, ժամանեց հեծանիվով, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հրաժարական չի տա, որովհետև շատ գործեր ունի անելու: Նա նաև ընդգծեց, որ որևէ հակասահմանադրական բան չի տեսնում դատարանների մուտքերը և ելքերը փակելու մեջ:

Գիշերն էլ՝ ԲԴԽ հայտարարությունից հետո, Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրառմամբ ակնարկել էր, որ այնքան էլ համամիտ չէ դրան:

ԲԴԽ խոսնակ Արման Խաչատրյանը հայտնեց, որ Խորհրդի նիստ չի լինի, քանի որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր չէր կարողացել շենքից դուրս գալ և մեկնել Կառավարություն՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը: Ինչպես և դատարանների, ԲԴԽ շենքի մուտքերը և ելքերը նույնպես առավոտից արգելափակված էին քաղաքացիների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG