Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր չի կարողացել խորհրդի շենքից դուրս գալ և մեկնել Կառավարություն՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը: Ինչպես և դատարանների, ԲԴԽ շենքի մուտքերը և ելքերը նույնպես առավոտից արգելափակված են քաղաքացիների կողմից:
«Ազատության» հարցին՝ վարչապետի ելույթից հետո Խորհրդի նիստ անցկացվելո՞ւ է, ԲԴԽ-ում չպատասխանեցին:
Այսօր առավոտյան Հարությունյանը անարգել մուտք էր գործել ԲԴԽ շենք և լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ նիստ է նախատեսված:
Նախօրեին ուշ երեկոյան, երբ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ քաղաքացիներին կոչ արեց առավոտից փակել դատարանների մուտքերն ու ելքերը, ԲԴԽ-ն հայտարարությամբ էր հանդես եկել՝ մասնավորապես տեղեկացնելով․ - ««Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգեց այն հետևությանը, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում»: