Մատչելիության հղումներ

Այսօր Զելենսկին կստանձնի Ուկրաինայի նախագահի պաշտոնը


Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ Գերագույն ռադայի համալիրում այսօր տեղի կունենա ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը:

Գերագույն ռադայի մոտ տեղադրվել է հսկայական էկրան, որով մարդիկ կարող են հետևել ինաուգուրացիայի ռեպորտաժին: Տեղադրվել է նաև բեմ ելույթների համար:

Զելենսկին հայրենակիցներին կոչ է արել մայիսի 20-ի առավոտյան գալ Մարիինսկի այգի, որտեղից նա ոտքով կգնա խորհրդարանի շենք:

Կիևի ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի կենտրոնը, ինչպես նաև «Բորիսպոլ» օդանավակայանից քաղաք տանող ավտոմայրուղին փակ կլինեն երթևեկության համար:

«Ենթադրվում է, որ կժամանեն օտարերկրացի մեծ թվով հյուրեր, կներեք այս անհարմարությունների համար, կներեք մեզ և Գերագույն ռադային, որը մերժեց ինաուգուրացիան շաբաթ օրը՝ մայիսի 19-ին անցկացնելու իմ առաջարկը», - հայտարարել է Զելենսկին:

Ընտրյալ նախագահի թիմակիցները հայտնել են, որ ինաուգուրացիայի ընթացքն էապես կտարբերվի պաշտոնամուտի ավանդական արարողություններից:

«Կլինեն անակնկալներ», - ասել է «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալի սցենարիստ Յուրի Կոստյուկը, ով մասնակցել է պաշտոնամուտի արարողության ծրագրի մշակմանը:

Զելենսկին այդ կատակերգական սերիալում կատարել է նախագահի դերը և հենց դրա շնորհիվ է համաժողովրդական ճանաչում ձեռք բերել:

Բարձրաստիճան գործիչների անվտանգությունն ապահովող Ուկրաինայի պետական պահպանության ծառայության պետ Վալերի Գելետեյը հաստատել է, որ նախատեսվում են շեղումներ ավանդական ինաուգուրացիաներից:

«Մենք ամեն ինչ կանենք մեր աշխատանքն ամենաբարձր մակարդակով կատարելու համար, մենք չենք մերժի Զելենսկու թիմի առաջարկները՝ պայմանով, որ դրանք չեն հակասի անվտանգության ապահովման պահանջներին: Այս հարցում մեր դիրքորոշումը սկզբունքային է, որևէ զիջում անվտանգության հաշվին ընդունելի չէ», - ասել է Գելետեյը:

41-ամյա Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին:

Հեռացող նախագահ Պորոշենկոն ստացել է ինաուգուրացիային մասնակցելու հրավեր: «Ուկրաինսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ, հրավեր են ստացել բոլոր նախկին նախագահները՝ բացի Վիկտոր Յանուկովիչից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG