Մատչելիության հղումներ

Սողանքը Վանաձոր-Ալավերդի մայրուղուց դեպի Աթան ճանապարհին վտանգավոր է դառնում


Վանաձոր-Ալավերդի մայրուղուց դեպի Աթան գնացող ճանապարհին ստեղծված սողանքային իրավիճակը վտանգավոր է դառնում։ 100 մետր լայնություն, 200 մետր երկարություն և 40 մետր բարձրություն ունեցող սահքի շրջանում հետազոտություն իրականացնող խմբի եզրակացությամբ` սողանքը սպառնում է հանրապետական նշանակության ավտոճանապարհին և Աթան գյուղը սպասարկող բարձրավոլտ հոսանքագծին։

Իրավիճակին հետևում են փրկարարներ, Լոռու մարզպետարանի համապատասխան մասնագետներ ու «Գեոռիսկ» գիտատեխնիկական ընկերության երկրաբան-ֆիզիկոսները։

Ընկերության աշխատակից Հայկ Բաղդասարյանը սողանքային հատվածում հերթական ուսումնասիրությունն էր անում։

«Նախնական, էսպես ասեմ, տպավորության մակարդակով եթե ասեմ, որովհետև դեռ փաստացի նյութեր չունենք մեր ձեռքի տակ, բավականին վտանգավոր սողանք է, որովհետև հնարավոր է, որ այս դանդաղ կրիպային շարժումները վերափոխվեն ակնթարթային, միանգամից, իմպուլսային փլուզում գնա», - ասաց Բաղդասարյանը:

Այս հատվածում սողանքն առավել վտանգավոր է դարձել 2018 թվականի վերջից՝ հողի ջրհագեցման հետևանքով: Ներկա պահին երկրաբան-ֆիզիկոսների խումբը նոր առաջացած ահռելի ճեղքերն է հետազոտում, ճշգրտում սողանքի սահքի դիրքը, խորությունը և թե ինչ ծավալի զանգվածներ ու ապարներ կան տարածքում։ Իրականացվում է նաև սողանքի քարտեզագրում: Այդ ամենը վերլուծելուց հետո միայն հնարավոր կլինի եզրակացություն անել սողանքի ծավալների և ակտիվության մասին, ասաց Հայկ Բաղդասարյանը:

«Չափումներ պետք է արվեն, մոնիտորինգ պարբերաբար, որոնք ցույց կտան, թե օրվա ընթացքում կամ ժամվա ընթացքում ինչ չափի տեղաշարժեր են տեղի ունենում: Այդ դինամիկան հասկանալուց հետո մենք կարող ենք ասել՝ սողանքը ինչպիսի ակտիվություն է դրսևորում», - նշեց «Գեոռիսկ»-ի աշխատակիցը:

Սողանքի ակտիվացման դեպքում կփակվի Լորուտ և Աթան գնացող միակ ավտոճանապարհը։ Մասնագետները փորձում են օր առաջ կանխել վտանգը, ասաց տեղում իրավիճակին ծանոթացող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Որ փակվեց, եթե սենց գնաց, մենք էդ ճանապարհը բացելու համար ինչքան էլ տեխնիկաները արագ բերենք, գումար ծախսենք, երկար ժամանակ է մեզ պետք: Թեկուզ պետք է մաքրենք, ինչ-որ, թեթևացնենք, ինչ անենք», - նշեց մարզպետը:

«Բայց ամեն դեպքում էդ տարբերակը պիտի աչքիդ առաջ ունենալ, որովհետև ես կարծում եմ, որ դժվար է սրան պահել՝ տակը հենք չունի սա: Ստեղ կամ պիտի ինքը գնա, կամ ստիպենք, որ գնա, կառավարելու սցենարով, էլի», - ասաց Հայկ Բաղդասարյանը:

«Կառավարենք, էլի, էդ պրոցեսը», - նշեց Անդրեյ Ղուկասյանը:

Դեռևս պարզ չէ, թե հետազոտություն իրականացնող խումբն ինչ հակասողանքային միջոցառումներ կառաջարկի, բայց մասնագետները չեն բացառում արհեստական փլուզում իրականացնելու տարբերակը՝ ավելի վտանգավոր հետևանքներից խուսափելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG