Ըստ Գլխավոր դատախազության՝ այսօր հրավիրած ասուլիսում քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազների ներկայացրած դիրքորոշումներին, փորձել են տարատեսակ մանիպուլյատիվ հնարքներով, իրողությունների աղճատման և խեղաթյուրման դրսևորումներով խաղալ հանրային տրամադրությունների հետ։
Դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Անհիմն որակումներ են հնչել դատախազության հասցեին, անհեթեթ մեկնաբանություններ են տրվել դատական նիստերին ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությանը, համատեքստից կտրվել և յուրովի, խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունների են արժանացվել ՀՀ գլխավոր դատախազի, դատաքննությանը մասնակցող մյուս դատախազների արտահայտած մտքերը, դատավարությունից դուրս, դեռևս ապացույցները համակցության մեջ չհետազոտված լինելու պայմաններում հրապարակել են տեսանյութերի ֆրագմենտալ կտորներ: Այս կերպ, ըստ էության, օրինական հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանություն իրականացնելու իրավունքը պաշտպանների կողմից վերածվել է ապատեղեկատվություն տարածելու, կեղծիքի և մանիպուլյացիների միջոցով հանրությանը մոլորության մեջ գցելու պլանավորված գործըթնացի»:
Դատախազությունը գարծընթացը որակում է որպես իրավական շրջանակներից դուրս բերելու և հուզականության տիրույթ տեղափոխելու անընդունելի վարքագիծ, որը, բացի դատաքննության գործընթացը արժեզրկելուց, հղի է նաև հանրային տրամադրություններ բորբոքելու խիստ վտանգավոր հետևանքներով: Ըստ դատախազության՝ դրանք ոչ այլ ինչ են, քան դատարանի նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ուղղորդված ճնշումներ գործադրելու ձևեր:
«Ճնշումների նման մեխանիզմներին, դատախազությանը իրավական գործընթացի տրամաբանությունից դուրս որևէ դիսկուրսի մասնակից դարձնելու սքողված նպատակներին չենք տրվելու, իսկ մեղադրողները շարունակելու են օրենքի և իրավունքի դաշտում իրենց պարտականությունների անշեղ իրականացումը», - ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունը նշել է, որ հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի օժանդակությամբ գեներացվող այս կեղծիքի տարածման ու մանիպուլացման փորձերը թույլ չտալուն և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ՝ մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ: