Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի վկայակոչած տեսանյութը «ոչ ոք չի տեսել, որովհետև դա գոյություն չի ունեցել»


Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» եթերում այսօր պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանի վկայակոչած տեսանյութը «ոչ ոք չի տեսել և չէր էլ կարող, որովհետև դա գոյություն չի ունեցել»։

Փաստահավաք խումբը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, ԱԱԾ-ից ու նախաքննական մարմնից պահանջել է տեսանյութեր, բայց իրենց ուղարկված նյութերի մեջ այն բացակայել է:

«Եթե ունենային, կօգտագործին ընդդիմության դեմ, նույնիսկ անդեմ ցուցարարին կգտնեին», - հեգնեց Անդրանիկ Քոչարյանը։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանը դատարանում երեկ պնդել էր, թե կան 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություներին վերաբերող տեսանյութեր, որոնք քննչական մարմինը չի ընդգրկել իր գործում: Արտակարգ դրություն հաստատելու մասին ասուլիսում իր հայտնի հայտարարությունը, թե ցուցարարների միջից կրակողը մեքենայի հետևից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա և թաքնվում, Քոչարյանի խոսքով, տեսել է նաև կադրերով: Ցույց տվողը ԱԱԾ հանգուցյալ ղեկավար Գորիկ Հակոբյանն է եղել: Բացի այդ, ոստիկանության կապիտանի մահվան պատճառ դարձած նռնակի պայթյունն է տեսել:

Այս հայտարարության կապակցությամբ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ - «Մահացած մարդուն վերցնում է, որ էդպիսի տեղեկատվություն ստացել է իրանից, դա անթույլատրելի է: Եթե ունենային, չկասկածեք, որ նրանք այդ կադրերը կօգտագործեին ընդդիմության դեմ, որպեսզի ապացուցեին, որ այս ամենը, որ անհամաչափ ուժը կիրառվել է ցուցարարների նկատմամբ, դրա իրավական հիմքը իրենք ունեցել են»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները այսօրվա մամուլի ասուլիսում հրապարակել են տեսանյութեր, որոնց ձեռք բերման աղբյուրը հստակ չեն նշել: Արամ Օրբելյանն ասել է, թե ցուցադրում են հենց Քոչարյանի հայտնի հայտարարությանը վերաբերող տեսանյութը:

Փաստաբանների ցուցադրած նույն այդ տեսանյութը, ի դեպ, հայտնվել էր նաև համացանցում անցած տարվա հոկտեմբերից՝ այսպիսի վերնագրով՝ «Ցուցարարները մեքենայի հետևից կրակում են ոստիկանների ուղղությամբ», ինչը նաև պնդել էր Ռոբերտ Քոչարյանը: Բայց թե՛ փաստաբանների ցուցադրած, թե՛ համացանցում հայտնված տեսանյութում երևում են օդ արձակված կրակոցներ:

Հրաժարվելով հայտնել, թե որտեղից են ձեռք բերել այդ նյութերը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասաց․ - «Օրինական է ամբողջ ձեռք բերված»:

Այսօր Քոչարյանի փաստաբանները նրա երեկվա հայտարարությանը հակասող հայտարարություն են արել՝ ասելով, թե գործում այս նյութերը կան․ - «Մենք առանձին ենք այս նյութերը ձեռք բերել, գործում նույնպես կան: Պետք է սա փորձաքննության նշանակվի, փորձաքննության արդյունքում պարզվի՝ արդյոք սա մոնտաժված ա, մոնտաժված չի: Մենք ոչ թե պնդում ենք, որ սա ընդունում ենք որպես վերջնական ճշմարտություն, այլ ասում ենք՝ կան նյութեր, որի մասին չկա հակասող կամ բացառող հանգամանքներ»:

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ փորձագետների հետազոտման կարիք կա՝ որոշելու, թե հրապարակված տեսանյութը արժանահավա՞տ ապացույց է, թե՞ ոչ։

Նա նաև չի բացառում, որ տեսաերիզը մոնտաժված լինի․ - «Չբացառելով, որ դա իրական նկարահանում է՝ ես ասում եմ, որ մինչև փորձագետը չտա էդ եզրակացությունը, իմ համար գաղտնիք կմնա, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը 2008 թվի մարտի 2-ին չցուցադրեց հեռուստատեսությամբ այդ կադրերը: Կամ ինչո՞ւ Վահագն Հարությունյանը նախաքննության ընթացքում քրեական գործի ապացույցների մեջ չդրեց այդ կադրերը: Աղվան Հովսեփյանը մեղադրական եզրակացություն ստորագրելուց, հաստատելուց, ինչո՞ւ այդ ապացույցը չդրեց ապացույցների շարքում: Մնացական Մարտիրոսյանը, օրինակ, Նիկոլ Փաշինյանին անազատության դատապարտելու ընթացքում ինչո՞ւ այդ ապացույցը չհամարեց Նիկոլ Փաշինյանի մեղքը հաստատող ապացույց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG