Պատճառը համալսարանի վարձակալած ուսանողական հանրակացարանն է, որը նախատեսված է մարզերից և այլ երկրներից եկած ուսանողների համար:
Այս մասին «Ազատությանը» հայտնեց իր դիմումի հիման վրա աշխատանքից ազատված Աթոյանին դեկտեմբերից փոխարինող Ռուբեն Հայրապետյանը․ - «400 միլիոնի մասին է մոտավորապես խոսքը: Ես տեղեկացա դրա մասին համապատասխան գործի ընթացքից: Մենք վերջին տարիներին էդ հանրակացարանից ունեցել ենք շատ ավելի շատ ֆինանսական ելքեր՝ վարձակալության, կոմունալ վճարների և համապատասխան աշխատակիցների աշխատավարձի գծով, քան մուտքեր ենք ապահովել ուսանողների կեցության գումարներից», - ասաց Հայրապետյանը:
2013-ից գործող հանրակացարանը գրանցված է որպես «Զոհրաբ Խորասանջյան» ԱՁ: Հանրակացարանի պահակն «Ազատությանը» հայտնեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի, թե շենքն իրականում ում է պատկանում։ Այստեղ, ըստ ռեկտորի պաշտոնակատարի, փաստացի շատ քիչ թվով ուսանողներ են բնակվել, բայց այն պահելու համար համալսարանը տարեկան շուրջ 100 միլիոն դրամ է ծախսել․ - «Վարձակալության համար շուրջ տարեկան 70 միլիոն է եղել, որին գումարվել է շուրջ 30 միլիոն տարեկան կոմունալ վճարումներ և աշխատակիցների աշխատավարձը: Եվ մենք ունեցել ենք տարեկան միջինացված մուտքեր՝ շուրջ 40 միլիոն»:
Ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե չարաշահումները հատկապես ինչ եղանակով են իրականացվել: Ասաց նաև, որ իր ղեկավարության համար հանրակացարանը պահելը արդյունավետ չէ, սակայն նախկին ռեկտորին չի մեղադրում՝ հավելելով, որ շուրջ 400 միլիոն դրամի փաստացի վատնումը հնարավոր է պարզապես վատ կառավարման հետևանք է:
«Ազատության» հարցին, թե հնարավոր է, որ ԲՈՒՀ-ի նախկին ղեկավարությունը հանրակացարանում բնակվողների մասով փաստաթղթեր է կեղծել, Հայրապետյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ:
Հայրապետյանի փոխանցմամբ, իրենք որոշել են, որ հանրակացարանը պահելը արդյունավետ չէ, սակայն այն շարունակելու է գործել, քանի դեռ ուսանողների համար այլ հարմար տարբերակ չեն մտածի:
ԱԱԾ-ից «Ազատությանը» հայտնեցին, որ գործն արդեն դատախազությունում է: Դատախազությունից փոխանցեցին, որ արդեն ուղարկել են Քննչական կոմիտե:
Աթոյանի հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվել: Նա չի պատասխանում հեռախոսազանգերին: