Մատչելիության հղումներ

«Ռոբերտ Քոչարյանն այն թեման չէ, որի համար արժի վտանգել Հայաստանի և Արցախի անվտանգությունը». Անդրանիկ Քոչարյան


Ռոբերտ Քոչարյանն այն թեման չէ, որի համար արժի վտանգել Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ազատություն» մասնավորապես հետաքրքրվեց Քոչարյանից, թե արդյո՞ք Ղարաբաղի և Հայաստանի հարաբերությունները չեն սրվի, եթե դատարանը մերժի Արցախի նախկին և գործող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջնորդությունը, որով նրանք երաշխավորեցին, որ եթե Քոչարյանն ազատ արձակվի, ապա նա չի խոչընդոտի գործի քննությանը։

«Հայաստանի և Արցախի միջև հարաբերություններ սրելն անթույլատրելի է, և ցանկացած գործողություն, որը հնարավորություն կտա, դաշտ կստեղծի այդպիսի սրացումների, պետք է կանխել ի սկզբանե, որովհետև այդ սրացումները բացի վնասից որևէ օգտակար բան իրենց մեջ չեն պարունակելու, և Ռոբերտ Քոչարյանն այն թեման չէ, որի համար արժի վտանգել մեր անվտանգության համակարգը հանձինս Հայաստանի և Արցախի հարաբերությունների սրման ձևաչափով, չի կարող այդպիսի բան լինի, որովհետև թե՛ Արցախի ազգաբնակչությունը, թե՛ Հայաստանի ազգաբնակչությունը շատ լավ հասկանում են, թե միասնական հաղորդակից անվտանգության համակարգն ինչ մեծ նշանակություն ունի թե՛ Արցախի համար՝ Հայաստանը որպես նրա անվտանգության երաշխավոր, թե՛ Արցախը Հայաստանի համար, որպես նրա հիմնական պատնեշը իր հարավային դարպասների պաշտպանության», - ասաց Քոչարյանը։

Նշենք, որ երեկ Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձամբ էին ներկայացել դատարան սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու համար:

Սահակյանն ու Ղուկասյանը 500.000-ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հաշվին:

Դատարանը երաշխավորներին պարզաբանեց իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ զգուշացնելով, որ երաշխավորության համար մուծված գումարը կարող է պետականացվել, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի։

Օրեր առաջ էլ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ Քոչարյանին ազատ արձակելու տրամադրություններ կան Արցախում։

Ղարաբաղյան վերնախավի այս դիրքորոշումը հակասական տրամադրություններ առաջացրեց Հայաստանում։

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Դատարանը Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի շաբաթ օրը՝ մայիսի 18-ին:

«Այդպիսի տեսանյութ գոյություն չունի»։

Այսօր Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց՝ տեսանյութ, թե «մարդիկ դուրս են գալիս մեքենայի հետևից և կրակում» գոյություն չունի։

«Շատ կուզեի էդ կադրերը տեսնել ի սկզբանե։ Էդ կադրերը ոչ ոք չի տեսել և չէր էլ կարող տեսնել, որովհետև դա գոյություն չի ունեցել։ Չնայած Տիգրան Թորոսյանի ծվծվոցը, եթե հիշում եք Ազգային ժողովում, նա այնտեղ խոսում էր, որ՝ «դուք չգիտեք, փայտերով, բաներով կրակում են, փախնում են»։ Երևի Տիգրան Թորոսյանն էլ է տեսել, արժի դատաքննության ընթացքում նրան կանչել, ասել՝ «կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանը, կամ Գորիկ Հակոբյանն իրեն էլ են ցույց տվել»։ Մահացած մարդուն վերցնել, որ էդպիսի տեղեկատվություն են ստացել իրենից, անթույլատրելի է», - ասաց Քոչարյանը։

Նա ընդգծեց՝ եթե այդ կադրերը գոյություն ունենային, պետք է արդեն նախաքննության ընթացքում ներառված լինեին գործում։

«Պետք է լինեին Վահագն Հարությունյանի տրամադրության տակ, որպեսզի նրանք բացահայտեին, թե ովքեր էին այդ մարդիկ, որ կրակում և փախնում էին, հո ասելով չի՞», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով. - «Բացառում եմ, այդպիսի բան չէր կարող լինել, առավել ևս երբ որ Փաստահավաք խումբը գրավոր դիմել է ԱԱԾ-ին և նաև նախաքննություն իրականացնող մարմնին, իսկ մեր լիազորությունների մեջ մտնում էր, որ իրենք պարտավոր էին մեզ տեղեկացնեին, մեզ ուղարկեին այդ նյութերը։ Նրանք ինչ ուղարկել են մեզ, էդպիսի նյութերը բացակայել են»։

Երեկ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ մինչև 2008-ի մարտի 1-ի իր ասուլիսը, կապվել է այն ժամանակ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հետ, ով ասել է, որ իսկապես զենք են կիրառում, մարտական նռնակներ կան:

Քոչարյանի փոխանցմամբ, հենց Գորիկ Հակոբյանն է իրեն պատմել, որ «դուրս են գալիս մեքենայի հետևից և կրակում»։ Ավելի ուշ, ըստ Քոչարյանի, ինքն այդ դրվագները դիտել է իր աշխատասենյակում՝ Գորիկ Հակոբյանի հետ միասին։ Մինչդեռ այդ տեսանյութերն այսօր որևէ տեղ չկան և չեն կցվել գործին։

Ի դեպ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, այդ նյութերում կար նաև, թե ինչպես է նռնակը պայթում և այդ պայթյունից ոստիկանության կապիտանը զոհվում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG