Մատչելիության հղումներ

Անվտանգության խնդիրների պատճառով «Արսենալ»-ը պատրաստվում է Մխիթարյանին Բաքու չտանել. «Գարդիան»


Հենրիխ Մխիթարյան, արխիվ
Հենրիխ Մխիթարյան, արխիվ

Եվրոպայի լիգայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը խնդիրներ է հարուցել ոչ միայն Հենրիխ Մխիթարյանի, այլ նաև «Արսենալ»-ի երկրպագուների համար:

Հաշվի առնելով Բաքու ճամփորդելու հետ կապված տրանսպորտային սահմանափակումները, ՈւԵՖԱ-ն որոշել է եզրափակիչ դուրս եկած բրիտանական երկու թիմերի՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուներին մարզադաշտ մտնելու համար 6 հազարական տոմս հատկացնել, այն դեպքում, երբ Բաքվի Օլիմպիական մարզադաշտում, որտեղ մայիսի 29-ին անցկացվելու է եզրափակիչը, 68 հազար 700 նստատեղ կա:

«Արսենալ»-ը հինգշաբթի տարածած հայտարարությունում խորը հիասթափություն է հայտնել, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի երկրպագուներին 6 հազար տոմս է տրամադրում և դեռ հարց է, թե արդյո՞ք նրանք կկարողանան ներկա լինել խաղին՝ հաշվի առնելով ճամփորդության հետ կապված խնդիրները:

Ֆուտբոլային ակումբը նշում է, որ թիմի երկրպագուներից 45 հազարը մշտական տոմս ունի խաղերին ներկա գտնվելու համար, շատերն այդ հնարավորությունից զրկվելու են, քանի որ ՈւԵՖԱ-ն եզրափակիչ խաղի համար ընտրել է տեղ հասնելու սահմանափակ հնավորություն ունեցող վայր, ինչը պարզապես ճիշտ չէ:

«Մեր երկրպագուներից շատ բողոքներ ենք ստանում և ամբողջովին կիսում ենք նրանց մտահոգությունները», - նշված է հայտարարությունում. - «Մեր երկրպագուների անունից կցանկայինք հասկանալ, թե ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում եզրափակիչ խաղերն անցկացնելու վայրերը և ինչքանո՞վ են հաշվի առնվում երկրպագուների պահանջները: Իրականությունն այն է, որ եզրափակիչ հասած թիմերը չեն կարողանում բավարարել իրենց երկրպագուների պահանջները»։

«Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ին հորդորել է եզրափակիչ խաղերն անցկացնելու վայրերն ընտրելիս ապագայում հաշվի առնել նաև երկրպագուների շահերը:

Անցած չորեքշաբթի խնդրին անդրադարձել է նաև Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:

«Սա Եվրոպա է, և ցանկացած քաղաք շանս ունի հյուրընկալելու նման իրադարձություն: Դա իսկապես լավ է, որ մարդիկ կարող են ճամփորդել, ավելի լավ ճանաչել միմյանց: Կարծում եմ, հաջորդ անգամ, երբ մենք նման իրադարձություն հյուրընկալենք, այսպիսի հարցեր երբեք չեն բարձրացվի, որովհետև, կարծում եմ, մեր հիասքանչ քաղաքին, մեր հյուրընկալությանը ծանոթացած յուրաքանչյուր ոք ուրախ կլինի նորից վերադառնալ»,- ասել է Ռահիմովը:

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա նա Ադրբեջանի կառավարությունից ստանում է անհրաժեշտ բոլոր երաշխիքները՝ կապված թե՛ անվտանգության, թե՛ վիզայի հետ, ըստ «Վաշինգտոն փոստ»-ի, նշել է Ռահիմովը։

«Գարդիան»-ն էլ գրում է, որ «Արսենալ»-ը պատրաստվում է տանը թողնել Մխիթարյանին, և թիմը հիասթափված է, որ անվտանգության խնդիրների պատճառով իրենց խաղացողներից մեկը ստիպված է լինելու բաց թողնել նման կարևոր հանդիպումը:

«Անցած շաբաթ «Արսենալ»-ը նրա համար անվտանգության երաշխիքներ էր պահանջել, բանակցություններն ընթանում են, «Արսենալ»-ի վերջնական որոշումը հայտի կդառնա գալիք շաբաթվա սկզբներին, բայց դրական որոշման լավատեսություն չկա», - գրել է «Գարդիան»-ը:

Բրիտանական մամուլը նշում է, որ եզրափակիչ խաղի շաբաթվա ընթացքում Լոնդոն-Բաքու ուղիղ թռիչքներ չկան: Երկրպագուները ստիպված են լինելու օդանավ փոխելով Բաքու հասնել Ֆրանկֆուրտի, Վիեննայի, Կիևի, Ստամբուլի, կամ Թեհրանի օդանավակայաններով: Ավելի վաղ Բրիտանիայի արտգործնախարարությունն էլ երկրպագուներին զգուշացրել է ահաբեկչական հարձակումների սպառնալիքների մասին, որ կարող են տեղի ունենալ Բաքվում եզրափակիչ խաղի օրը՝ մայիսի 29-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG