Մատչելիության հղումներ

«Չկա պատճառաբանություն, թե ինչու է դատախազությունն Արզումանյանի և մյուսների նկատմամբ հետապնդումը դադարեցրել». Արթուր Դավթյան


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասում է, որ չկա պատճառաբանություն, թե ինչու է դատախազությունը նախկինում «7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի և մյուսների նկատմամաբ հետապնդումը դադարեցրել։

«Ազատության» խնդրանքով անդրադառնալով Քոչարյանի պաշտպանական կողմի այն հարցադրմանը, թե ինչո՞ւ է Արզումանյանի և մյուսների դեպքում հետապնդումը դադարեցվել, իսկ Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի դեպքում չպետք է դադարեցվի, Արթուր Դավթյանը պարզաբանեց. - «Չկա պատճառաբանություն, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչո՞ւ են նրանք այդպես վարվել, ինչո՞ւ են հետապնդումը դադարեցրել»։

Գլխավոր դատախազը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց. - «Որոշման մեջ, ես մեջբերեցի հատված, ասված է՝ «Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 300 հոդվածով» և գրված է մի թեզ, որ Ազգային ժողովը 2009 թվականին սահմանել է նոր հանցակազմեր։ Անմիջապես գալիս է Քրեական օրենսգրքի 13 հոդվածի պարզ մեջբերումը, թե արարքի հանցավորությունը բացառող, պատիժը խստացնող, կամ պատիժը մեղմացնող, կամ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի և հակառակը, սրանք էապես տարբեր իրավական ինստիտուտներ են արարքի հանցավորություն սահմանող, կամ բացառող, արարքի պատժելիություն սահմանող այլ կերպ անձի վիճակը վատթարացնող կամ բարելավող, տրված չէ, թե նույնիսկ այս երեք ինստիտուտներից, էս երեք համապատասխան ձևակերպումներից որի՞ տակ է դիտարկվել 300. 1 հոդվածը, ոչ մի պատճառաբանություն այս առումով բերված չէ, ի տարբերություն որոշման մեջ, օրինակ 225 հոդվածի՝ զանգվածային անկարգությունների, որտեղ նորմալ պատճառաբանված է, որ նույն Արզումանյանի մեղադրանքը 225 հոդվածի ինչ կետով է փոխվում, որովհետև նոր ընդունված օրենքն ինչ հատկանիշներ է սահմանում։ Այս մասով որևէ պատճառաբանություն չկա, որ ես վերցնեմ էդ պատճառաբանությունը հասկանալի, իմ համար ընկալելի պայմաններում շարունակեմ էդ տրամաբանությունը, կամ եթե չեմ շարունակում բերեմ հակափաստարկներ, թե ինչով է տարբերվում մեր մոտեցումը»։

Հարցին, որ եթե այն ժամանակ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեր, երբ մեղադրանք առաջադրվեց Ալեքսանդր Արզումանյանին, ո՞ր հոդվածով կառաջադրվեր, դատախազը պատասխանեց. - «Եթե առաջադրվեր մինչև 2009 թվականի փոփոխություններն, ուրեմն 300 հոդվածով այդ ժամանակ գործող՝ իշխանության յուրացում, որը օբյեկտիվ կողմի հատկանիշ ուներ՝ սահմանադրական կարգը տապալելը։ Նույն հոդվածով, որով Ալիկ Արզումանյանին և մյուսներին»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի պնդմամբ՝ «2009-ի որոշման չափանիշները եթե կիրառվեին հենց հիմա՝ նույնությամբ, Քոչարյանը հենց հիմա պետք է դուրս գար»։

XS
SM
MD
LG