Գլխավոր դատախազությունն, ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի, ինքն իրեն ծաղրական տոնով քննադատում է 2009 թվականի որոշման համար։
«Ազատության» հետ զրույցում Ալումյանը նշեց՝ եթե դա աներ ոչ թե դատախազությունն, այլ որևէ ֆիզիկական անձ, երևի անձի երկվության հարցը առաջանար։
«Էսօր դատախազությունը, ի դեմ գլխավոր դատախազի, խստագույնս քննադատեց դատախազությանը՝ 2009 թվականին կայացրած որոշման համար, անգամ ծաղրեց 2009 թվականին ինքն իրեն՝ դատախազությունը՝ Ալեքսանդր Արզումանյանի որոշման հետ կապված։ Էսօր ի դեմս իրա, գլխավոր դատախազությունն ասում է, որ ինքը 2009 թվականին անհասկանալի պատճառաբանությամբ որոշում է կայացրել։ Էդ էր ասում՝ «անհասկանալի»։ Եթե դա աներ ոչ թե պետական մարմին, ասենք՝ դատախազությունը, եթե դա ֆիզիկական անձ աներ, երևի մի հատ էսպիսի ախտորոշում կա՝ անձի երկվություն, կարող է անգամ էդպիսի հարցեր առաջանային։ Ինքն իրեն քննադատում է, ընդ որում, ծաղրական տոներով՝ 2009 թվականի որոշման համար, այնինչ այդ 2009 թվականի որոշման չափանիշները եթե կիրառվեին հենց հիմա՝ նույնությամբ, ապա պարոն Քոչարյանը հենց հիմա պետք է դուրս գար, որովհետև 2009 թվականին դատախազությունը որոշել էր, որ 2008 թվականի գործողությունների համար որևէ անձ չի կարող ենթարկվել ներկա դրությամբ գործող 300.1 հոդվածով, որն ուժի մեջ էր մտել 2009 թվականի մարտի 18-ին, այսինքն՝ ես հենց այս առումով եմ ասում, որ դատախազությունն էս գործով բազմիցս իրա դիրքորոշումը փոխել է ու դեռ կփոխի, ես համոզված եմ։ Էս նույն դատախազներն էլ եթե սրանից տարիուկես առաջ հարցնեիք կարծիքն էս նույն գործի մասին, իրենք ձեզ կհայտնեին իրենց էսօրվա տեսակետին տրամագծորեն հակառակ տեսակետ», - ասաց Ալումյանը։
«Ազատության» հարցին, թե շատ փաստաբաններ և իրավապաշտպաններ նախկին իշխանության օրոք նշում էին, որ դատարաններն ազատ չեն, անկախ չեն և քաղաքական կամք է պետք՝ տարբեր գործերում արդարացի քննություն իրականացնելու համար, նաև կոնկրետ Մարտի 1-ի զոհերի հանգամանքները պարզելու հետ կապված էլ էին այդպես նշում, արդյո՞ք հենց այս հանգամանքը չէ, որ գլխավոր դատախազն այսօր թույլ է տալիս, Ձեր գնահատմամբ, ծաղրել նախորդ դատախազության գործելաոճը, այստեղ տարօրինակ բան կա՞ իսկապես, Քոչարյանի պաշտպանը պատասխանեց. - «Իհարկե տարօրինակ է, նույն անձինք են, նույն դատախազությունն է։ Էդ նույն բանն է, որ ոնց որ Վճռաբեկ դատարանը հիմա սկսի ծաղրել իր հինգ տարի առաջվա կայացրած որոշումներն՝ ասելով, որ դա էն ժամանակ, էդ Ձեր ասած քաղաքական կամք, հետո ասեր՝ «էդ մենք չէինք»։ Գիտեք ինչ կա, եկեք սենց մի բան հստակ փաստենք՝ եթե 2009 թվականի դրությամբ, երբ որ այն 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումն էդ որոշմամբ դադարեցվել էր՝ պատճառաբանելով, որ 300.1 հոդվածը դա նոր հանցակազմ է և 2008 թվականի գործողությունների վրա տարածվել չի կարող։ Եթե 2009 թվականին պարոն Քոչարյանին էսօրվա մեղադրանքն առաջադրված լիներ, ի՞նչ է Դուք կարծում եք, որ յոթ հոգու նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվեր, պարոն Քոչարյանի նկատմամաբ կշարունակվե՞ր, իհարկե՝ ոչ, ստիպված պետք է լինեին նաև պարոն Քոչարյանի նկատմամբ դադարեցնել։ Ուրեմն ես Ձեզ ասեմ հետևյալը՝ եթե էս ընթացքում մարտի 1-ից մինչև էսօր եղել է մի ժամանակահատված, թեկուզ էդ մի ժամանակահատվածը տևել է մի օր, երբ որ պարոն Քոչարյանն էդ հոդվածով չէր կարող պատասխանատվության ենթարկվել, ուրեմն էսօր էլ ինքը չի կարող պատասխանատվության ենթարկվել, դա քրեական իրավունքի էն աստիճանի հանրահայտ սկզբունք է, որ ես հիմա անգամ չեմ էլ ուզում շատ մանրանամ»։