Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնում է, որ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանված խափանման միջոցը՝ կալանավորումը համաչափ է:
«Մենք գտնում ենք, որ առկա է հիմնավոր կասկածը այս փուլում քննարկման համար, մենք գտնում ենք, որ ընտրված խափանման միջոցը համաչափ է այս պահին քննության օբյեկտիվ և անխոչընդոտ իրականացումն ապահովելու համար», - այսօր ելույթ ունենալով Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում՝ հայտարարեց Արթուր Դավթյանը՝ շարունակելով․ ֊ «Այո՛, փաստարկները, որ այս փուլն իր առանձնահատկություններն ունի և այդ առանձնահատկություններով պայմանավորված այդ հիմքերն առկա են՝ դա լիարժեքորեն ընդունելի է: Եվ մենք այդ ռիսկերի բարձր գնահատումը նույն դիրքորոշմամբ պնդում ենք նաև ներկայացված մեկ այլ խափանման միջոցի՝ անձնական երաշխավորության կիրառման պայմաններում»:
Գլխավոր դատախազը նաև դատավոր Դավիթ Գրիգորյանին հորդորեց հետևել «դատական քննության ընթացքում կատարյալ բնականոն ընթացքին» և դատաքննության բոլոր կողմերին կոչ արեց «գտնվել բացառապես իրավական հարթությունում և փորձ չանել առաջացնել հուզական տրամադրություններ»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր շարունակվում էր Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը։
Դատախազի ելույթից հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը անցավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի շաբաթ օրը՝ մայիսի 18-ին:
Այսօր ավելի վաղ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձամբ ներկայացել էին դատարան և երաշխավորագիր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու նպատակով:
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:
Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ: