Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Սարգսյանը հրաժարվեց որդու դեմ ցուցմունք տալ


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանն այսօր վկայի կարգավիճակով դատարանում էր։ Նա վկա էր որդու՝ Հայկ Սարգսյանի գործով, սակայն հրաժարվեց որդու դեմ ցուցմունք տալ, պատասխանել հարցերին։

Ալեքսանդր Սարգսյանը հրաժարվեց նաև պատասխանել «Ազատության» հարցերին։

Հայկ Սարգսյանը, ում մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար, պատասխանելով «Ազատության» հարցերին, ասաց, որ այս ընթացքում պարբերաբար շփումներ է ունենում հետախուզման մեջ գտնվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ, ում իրավապահները մեղադրանք էին ներկայացրել անցած ամռանը, երբ վերջինիս Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել:

Ֆրանկլին Գոնսալեսի անձնագրով Նարեկ Սարգսյանը անցած դեկտեմբերին ձերբակալվել էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, սպասվում է, որ նրան կարտահանձնեն հայաստանյան իրավապահ մարմիններին:

«Զանգում եմ, իրա առողջականը նորմալ է, տրամադրությունը նորմալ է», - նշեց Նարեկ Սարգսյանը։

«Ազատության» հարցին՝ իր հորեղբայր Լևոն Սարգսյանի հետ շփվո՞ւմ է, տեղյա՞կ է որտեղ է գտնվում, պատասխանեց. - «Չէ, տեղյակ չեմ»։

Հայկ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստում վկաների հարցաքննությունն էր։

Ըստ Քննչական կոմիտեի, 11 տարի առաջ՝ 2007 թվականին, հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը այնուհետև կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, սակայն, այդ փաստի առթիվ հարուցվեց նոր քրեական գործ, որի քննության արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին անզգուշությամբ մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Արթուր Ղևոնդյանը, այլ Սիմոնյանին փորձել է սպանել Հայկ Սարգսյանը։

Այսօր վկայի կարգավիճակում էր Արթուր Ղևոնդյանի մայրը՝ Լաուրա Առաքելյանը։ Նա ասաց, որ իր որդին իրեն հայտնել է, որ ինքը չի կրակել ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի վրա, սակայն հանուն ընկերության պատասխանատվությունն իր վրա է վերցրել։

«Ինքը շատ զսպված ձևով չի ասել, թե հետագայում ինչ է կատարվել, ես չգիտեմ։ Պարզապես ինքը վերցրել է իրա վրա, թե ինչի՞, ես չգիտեմ։ Չէ, շատ լավ էլ գիտեմ՝ ես կարծում էի, որ հանուն իրենց ընկերության է ինքը [արել] էդ քայլը, որպեսզի էդ երկու ընկերներին հաշտեցնի կամ ինչ-որ մի բան», - նշեց Լաուրա Առաքելյանը։

Վկայի կարգավիճակում էր նաև նախկինում այդ գործով քննիչ Խաչատուր Խաչատրյանը, ով հայտարարեց, թե քննությունը իրականացվել է լրիվ և օբյեկտիվ։

«Գործով նախաքննություն իրականացվել է իմ կողմից 2007 թվականին, գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնց հիման վրա իրականացվել է օբյեկտիվ քննություն, որոնց հիման վրա ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա էլ որոշում է կայացվել անձի նկատմամբ, եթե չեմ սխալվում Արթուր Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում կամ դադարեցնելու, կամ չիրականցնելու վերաբերյալ և գործի վարույթը կարճելու», - ընդգծեց Խաչատրյանը։

Մյուս վկաների հարցաքննությունն ապահովելու համար այսօրվա նիստը հետաձգվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG