Ակցիային այս տարի մասնակցում են Հայաստանի և Արցախի ավելի քան 160 թանգարաններ:
Ավանդաբար այդ օրը թանգարաններ այցելությունն անվճար է, թանգարաններր շատ հետաքրքիր ծրագրեր են նախապատրաստում հատուկ այդ օրվա համար և բաց են առավոտից մինչև կեսգիշեր:
Ի թիվս մայրաքաղաքային այլ թանգարանների, ամեն տարի այցելուների համար մի յուրահատուկ ծրագիր է ներկայացնում նաև մեր լավագույն արվեստագետներից Երվանդ Քոչարի թանգարանը:
Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր, որ իրենք ոչ միայն արդեն ամբողջովին նախապատրաստել են ծրագիրը, այլև, ինչպես այլ նախաձեռնությունների ժամանակ, ստեղծել են իրենց տեղայնացված հրավիրատոմսերը և տեղադրել գովազդային պաստառները:
«Արդեն 16-րդ տարին է, որ Հայաստանում իրականացվում է համաեվրոպական «Թանգարանային գիշեր» միջոցառումը: Արդյունքում այդ օրը տոն է դարձել և՛ թանգարանների, և՛ այցելուների համար: Քոչարի թանգարանը հենց առաջին իսկ տարում՝ 2004 թվականին միացավ այս համաեվրոպական ակցիային: Այս տարի միջոցառումը խորագիր ունի՝ «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ․ ավանդույթի ապագան», և մենք այս տարի թանգարանի երեք սրահներում ներկայացնելու ենք երեք տարբեր ծրագրեր»:
Իսկ թանգարանի 5-րդ սրահում կներկայացվի 1959 թվականին ստեղծած «Մելանխոլիա» քանդակը՝ որպես քաղաքակրթության ազդեցությունը մարդու հոգեբանության վրա, Երվանդ Քոչարի հանճարեղ բացահայտումներից մեկը․ - «Խիստ ժամանակակից ֆիլմի ուղեկցությամբ, լուսայի էֆեկտներով ներկայացնելու ենք այդ քանդակը: Թանգարանում քանի որ բնօրինակն է ներկայացվում՝ բնօրինակը մեկնաբանող տեսաֆիլմի ուղեկցությամբ կանենք այս տարվա Թանգարանային գիշերը: Ասեմ նաև, որ առաջին սրահում իրականացվելու է խաղարկություն-մրցույթ: Բայց ինչ և ինչպես՝ արդեն կիմանան մրցույթի մասնակիցները, այցելուները»:
Կարինե Քոչարը շատ բնական է համարում, որ տարեցտարի ավելանում է այս օրերին թանգարաններ այցելուների թիվը․ - «Սա երևի մի առիթ է ուղղակի ծանոթանալու մեր մշակութային ժառանգությանը, ինչ-որ տեղ նաև հասկանալու, թե ինչ նորարարական մոտեցումներ են արդեն թանգարաններն առաջարկում: Մենք նկատում ենք, որ այցելուների գեղագիտական պահանջները բավականին բարձր են, և իրենք փորձում են քաղել հնարավորինս մեծ ինֆորմացիա: Քոչարին ճանաչում են սովորաբար որպես քանդակագործ, որպես «Սասունցի Դավթի» հեղինակ, և իրենց համար անսահման մեծ բացահայտում է, երբ հանկարծ այստեղ տեսնում են նրան որպես նկարիչ, նորարար, գրաֆիկայի վարպետ: Իսկ արտասահմանցի զբոսաշրջիկները հանկարծ տեսնում են համամարդկային արվեստ և ցնցում են ապրում դրանից»: