Մատչելիության հղումներ

Քոչարյանի պնդմամբ, քննչական մարմինը Մարտի 1-ի վերաբերյալ մի շարք նյութեր չի ընդգրկել իր գործում


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպանները այսօր դատարանում պնդեցին, որ կան 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություներին վերաբերող նյութեր, որոնք քննչական մարմինը չի ընդգրկել իր գործում:

Բոլորովին վերջերս համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ ինչ-որ անհայտ անձ՝ ցուցարարների կողմից, մեքենայի հետևից կրակահերթ է արձակում օդ: Քոչարյանն ու պաշտպանները պնդում են, որ խափանման միջոցի հարցով նախորդ դատական նիստերին իրենք այդ տեսանյութը ներկայացրել են դատարանին, քննիչն ասել է, որ իրենք այդ տեսանյութը ունեն, փորձաքննության պետք է տան՝ պարզելու իսկությունը: Մինչդեռ գործի նյութերում այն բացակայում է: Պաշտպանական կողմն այսօր դատարանին ներկայացրեց այդ նյութը: Նրանք կարևորեցին տեսանյութն այն առումով, որ Հայաստանի երկրորդ նախագահը 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրության մասին հրամանագիր արձակելուց հետո զանգվածային լրատվամիջոցների համար իր հայտարարությունում խոսել էր այդ մասին:

«Տեսանյութերի զգալի մասը ես առաջին անգամ տեսել եմ մարտի 7-8-ի կողմերը՝ Գորիկ Հակոբյանի կողմից․ ինձ մոտ էր բերել և ցույց էր տվել այդ տեսանյութը: Իսկ ինչի՞ համար էր իմ մոտ նայել, որովհետև մինչև մամուլի ասուլիսը՝ հայտնի ասուլիսը մարտի 1-ին, ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ և հարցրել եմ՝ ի՞նչ է այս վիճակը, ես հիմա լրագրողների հետ հանդիպելու եմ, ճշտեք փաստերը: Եվ ինքը ասաց, որ այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, ասաց՝ մեքենայից դուրս են գալիս, կրակում զինվորների ուղղությամբ, հետ են մտնում:», - դատարանի դահլիճում պատմեց նախկին նախագահը: - «Հետո ես արդեն պահանջեցի դեպքերից հետո, երբ սկսեցին մամուլով քննադատել, թե այդպիսի բան չկա: Նա անձամբ բերեց և իմ գրասենյակում ցույց տվեց: Դրա հետ միասին մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր ոչ մի տեղ չկան: Ես չգիտեմ որտեղ են: Բավական հետաքրքիր նյութեր էին՝ ոնցա նռնակը պայթում, ոնցա նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում։ Այս ամբողջը նյութերում կար, այսօր դրանք չկան: Երբ որ դուք ասում եք, որ մի ամբողջ քրեական գործ՝ երեք հատոր, անվտանգության կողմից հարուցված, մարտի 2-ին հանձնված Հատուկ քննչական ծառայությանը, այստեղ չկա: Այդ գործը ուղղակի չի կցվել և համոզված եմ՝ բազմաթիվ նյութեր չեն կցվել: Եվ երբ ասում եք, որ ընդամենը մեկ մարդ է հարցաքննվել Ազգային անվտանգության ծառայությունից, սա ուղղակի հարցեր է առաջացնում», - հավելեց Ռոբերտ Քոչարյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը։

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG