Մատչելիության հղումներ

Մատենադարանը այս տարի կանցկացնի մի շարք ուշագրավ միջազգային գիտաժողովներ


Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրատունը՝ Մատենադարանը մի քանի ուշագրավ, շատ կարևոր գիտաժողովներ է կազմակերպելու առաջիկայում:

Դրանցից առաջինը, ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, նվիրված է Մատենադարանի երկարամյա ղեկավարներից մեկի՝ անվանի ակադեմիկոս, հայ հին և միջնադարյան փիլիսոփայությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին:

Մայիսի 22-23-ը տեղի կունենա նրան նվիրված միջազգային, մեծ ընդգրկում ունեցող գիտաժողով․ - «Բացի իր հիշատակը հարգելը և զեկուցումներ ներկայացնելը, նաև մեր նպատակն է հետաքրքրություն առաջացնել հայ միջնադարյան փիլիսոփայության նկատմամբ, որի մասնագետները շատ-շատ քիչ են այսօր: Արևշատյանը դրա առաջատարն էր, և լավ կլինի, որ նրա ճանապարհով գնացողներ լինեն»:

2016 թվականին կառավարության որոշմամբ Արցախում բացվեց Մատենադարանի մասնաճյուղը՝ Գանձասար վանական համալիրի նախկին դպրատան տարածքում: Մասնաճյուղը բացվեց Մատենադարանի երջանկահիշատակ ղեկավար Հրաչյա Թամրազյանի նախաձեռնությամբ՝ Արցախի գիտական ու մշակութային կյանքն աշխուժացնելու, Արցախը միջազգային գիտական հանրությանը ճանաչելի դարձնելու նպատակով:

Մատենադարանից Արցախի մասնաճյուղ տեղափոխված հարյուրավոր բացառիկ ձեռագրեր և Արցախի պատմությունը ներկայացնող կարևորագույն արխիվային փաստաթղթեր դարերի ընթացքում ստեղծվել և պահպանվել են հենց Արցախի վանքերում: Արցախում Մատենադարանի մասնաճյուղ բացելու կառավարության որոշման մեջ շեշտված էր, որ դրանք ոչ միայն ներկայացնում, այլև լուսաբանում են դարերի խորքից եկող Արցախի պատմական ժառանգությունը, հոգևոր-մշակութային ձեռքբերումներն ու զարգացումը:

Վահան Տե -Ղևոնդյանի խոսքով, մայիսյան առաջիկա միջազգային գիտաժողովից հետո հաջորդը կկայանա Արցախում․ - «Օգոստոսի վերջին մենք ունենք մի շատ հետաքրքիր գիտաժողով Արցախում, մեր Արցախի մասնաճյուղում՝ Գանձասարում: Գիտաժողովը կազմակերպվում է Հայագիտական ուսումնասիրությունների եվրոպական ընկերակցության հետ համատեղ: Ըստ էության Արցախի մասնաճյուղում առաջին միջազգային գիտաժողովն է: Գալու են Անգլիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իտալիայից անվանի դեմքեր, և դա, կարծում եմ, ոչ միայն գիտական, այլև ինչ-որ տեղ քաղաքական նշանակություն կունենա»:

Մատենադարանի տնօրենը նշեց, որ աշնանը կանցկացվեն արդեն 5-րդ Նարեկացիական ընթերցումները, իսկ տարեվերջին՝ նույնպես 5-րդ երիտասարդական գիտաժողովը:

Անդրադառնալով Մատենադարանի գրահրատարակչական ծրագրերին՝ Վահան Տեր-Ղևոնդյանը թվարկեց հրատարակվելիք ուշագրավ ուսումնասիրությունները:

Նա նշեց, որ տարեցտարի ավելանում է Մատենադարան այցելող զբոսաշրջիների թիվը․ - «2018 թվականի տվյալներով չորս հազարով ավելացավ նախորդ տարվա համեմատ: Մենք որոշակի նոր տեխնոլոգիաներ ենք մտցնում կիրառության մեջ: Օրինակ, հենց հիմա ընթացքի մեջ է մի շատ լավ ծրագիր, որը երկու հիմնադրամ են ֆինանսավորում՝ «Ավրորան» և Գյուլբենկյան ֆոնդը: Գրչության կենտրոնների քարտեզը վերածում ենք ինտերակտիվ էլեկտրոնային քարտեզի: Հայաստանի քարտեզի վրա սեղմում եք կոճակը, բերում է , ենթադրենք, Վասպուրականը, Վասպուրականի վրա Ձեզ պետք է Ախթամարը, բերում է Ախթամարը, այնտեղ գրված տասը լավագույն ձեռագրերը, ամեն ձեռագրի մեջ մի քանի ամենագեղեցիկ մանրանկարները և այսպես շարունակ: Եվ դա կարելի է ժամանակի ընթացքում անընդհատ լրացնել: Հատուկ խումբ է ստեղծված դրա գիտական մասը ապահովելու համար: Այսպիսի բաներ կան, որոնք, կարծում եմ, գրավիչ նշանակություն կունենան մեր այցելուների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG