Մատչելիության հղումներ

Քոչարյանին ազատ արձակելու տրամադրություններ կան Արցախում. Աշոտ Ղուլյան


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու՝ Արցախի նախագահների երաշխավորությանը պետք է վերաբերվել որպես մարդասիրական և ընկերական հարաբերությունների արդյունք: Այսօր Հայաստանի խորհրդարանում ասաց Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք ինքը նույնպես միանում է Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությանը և կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի:

Աշոտ Ղուլյանը շեշտեց՝ Արցախում կան այդպիսի տրամադրություններ և դրանց անհնար է չարձագանքել:

«Անկեղծ ասած, այս հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է նոր հակասությունների առիթ դառնալ։ Ես կարծում եմ այն, ինչ որ արդեն ասվել է, ինչ որ ներկայացվել է, դա բավարար է հասկանալու համար, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցության, այլ կալանքը փոխելու հարցին, և այստեղ ուզում եմ, որ դրան վերաբերենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերական հարաբերությունների արդյունք։ Վստահ եմ, որ դուք էլ երևի տեղյակ եք, որ Արցախում կան այդպիսի տրամադրություններ և անհնար է այդ տրամադրություններին չարձագանքել», - ասաց Ղուլյանը՝ շարունակելով. - «Եթե հիշում եք մենք էլ խորհրդարանի պատգամավորներով նախորդ ամիսներին նույնպես այդպիսի միջնորդություն-խնդրագիր ենք ներկայացրել, որը նույն իմաստն ունի՝ պարզապես դատավարության, կամ նախաքննության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց փոխելու խնդրանքով»։

Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, արխիվ
Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, արխիվ

Նշենք, որ ավելի վաղ Ղարաբաղի նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազին՝ խնդրելով մայիսյան եռատոնին ընդառաջ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, սակայն Հայաստանի դատախազությունը շեշտել էր, թե այդ որոշումը դուրս է իրենց լիազորությունից, քանի որ Քոչարյանի գործն արդեն դատարանում է:

Երեկ արդեն Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատարանին ներկայացրեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, որով նրանք երաշխավորում են, որ Քոչարյանին կալանքից ազատելու դեպքում նա պատշաճ վարքագիծ կդրսևորի և չի խոչընդոտի գործի քննությանը:

Դատավորը, սակայն, շեշտեց՝ այդ միջնորդությունը կքննեն միայն այն ժամանակ, երբ դատարան ներկայանան Ղարաբաղի ներկա և նախկին նախագահները:

Վիտալի Բալասանյան, արխիվ
Վիտալի Բալասանյան, արխիվ

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի նախագահների խնդրանքին դրական լուծում չտալու որոշմանն էր անդրադարձել Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ շեշտելով՝ այդ խնդրանքը պետք է բավարվեր:

Ինչին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր, թե Բալասանյանի կարգի պաշտոնյան «իր խոսքում պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն»:

Ի պատասխան՝ Վիտալի Բալասանյանն էլ հակադարձել էր՝ ասելով. - «Վլադիմիր Կարապետյանը փոքր մարդ է, որ իր զբաղեցրած պաշտոնի մասով այդպիսի հայտարարություններ անի։ Վլադիմիր Կարապետյանները թող զբաղվեն իրենց գործառույթներով»:

Վլադիմիր Կարապետյան, արխիվ
Վլադիմիր Կարապետյան, արխիվ

Վլադիմիր Կարապետյանն էլ հեգնել էր․- «Շնորհավորում եմ, Վիտալի Բալասանյանը հավակնում է դառնալ Ղարաբաղի քաղաքական դաշտի Էդուարդ Շարմազանովը, կամ ավելի ճիշտ՝ Արմեն Աշոտյանը»:

Այսօր լրագրողները հարցրեցին Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներին՝ երկու երկրների միջև հակասություններ կա՞ն, թե՞՝ ոչ։

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ասաց, թե ցանկանում է մարդկային և գործընկերային կոչ անել լրագրողներին, ընթացող դրական գործընթացների տպավորությունն առանձին դրվագներով չփչացնել:

Ամեն դեպքում Արարատ Միրզոյանը շեշտեց՝ հարցից չի խուսափում, Վիտալի Բալասանյանի նկատմամբ անձնապես մեծ համակրանք ունի: Այնուամենայնիվ նա ուշագրավ կոչ արեց Բալասանյանին. - «Հասկանում եմ, որ Արցախում արդեն մեկնարկել է նախընտրական շրջանը, բայց կառաջարկեի, որ շատ առաջ չընկնեին մեր գործընկերներն իրադարձություններից, և ընդհանրապես կոնկրետ այս հայտարարության և պարոն Բալասանյանի մյուս հայտարարությունների մասով ուղղակի կոչ կանեի, որ կամերաների առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց կամերաների արվող հավաստիացումներին»։

«Հակասություն երկու երկրների իշխանությունների միջև չկա»

Նույն հարցին անդրադարձավ նաև Արցախի խորհրդարանի նախագահը՝ վստահեցնելով՝ հակասություն երկու երկրների իշխանությունների միջև չկա, պարզապես, ըստ Ղուլյանի, այս նոր ժամանակներում ամեն մարդ ազատ է իր տեսակետը հայտնելու հարցում։

«Որևէ սրացում չի կարող լինել, մենք այսօր հենց դրա համար այստեղ ենք, որպեսզի և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական մակարդակով ցույց տանք, որ հայկական երկու հանրապետությունների միջև հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, եղբայրական, կարող են լինել աշխատանքային հարցերում տարաձայնություններ, բայց դա որևէ ձևով չի կարող նսեմացնել մեր հարաբերությունների մակարդակը։ Շատ կարևոր է որպեսզի մենք հասկանանք, որ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ, հիմա սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ որ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ են լինում», - ասաց Ղուլյանը։

Ի դեպ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին Արցախի իշխանությունները լռում, երբ 2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո ընդդիմադիրների էին ազատազրկում և դատապարտում, Ղարաբաղի խորհրդարանի նախագահը պատասխանեց՝ Արցախը չէր լռում և այն ժամանակ էլ մեծ ցավ էր ապրում։

«Ես կարծում եմ, որ Ձեր տեղեկատվությունը լրիվ չէ, Արցախը չէր լռում, Արցախը ցավ էր ապրում և կարծում եմ, որ այս իմաստով բոլորս նույն հասկացության և իմացության մեջ ենք», - ասաց Ղուլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG