Մատչելիության հղումներ

Գասպարիի և Քոչարյանի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի գործը վարույթ է ընդունվել


Քննչական կոմիտեն այսօր վարույթ է ընդունել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի և Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործը:

«Դեռևս մայիսի 13-ին 62-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունը իրականացվում է Քննչական կոմիտեում։ Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ», - «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Գործը հարուցվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում դատարանի միջանցքում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու դեպքի առթիվ:

Երեկ «Ազատության» հետ զրույցում Հայաստանի ոստիկանության լրատվության բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը հայտնել էր՝ միջադեպի 5 մասնակիցները եղել են ոստիկանությունում: Բերման ենթարկված անձանց անունները չեն հրապարակում, բայց «Ազատության» հետ զրույցում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը հաստատել էր՝ միջադեպից հետո ոստիկանական բաժնում եղել է և այնտեղից բարեկամաբար հեռացել: Թեև տեսանյութերում երևում է, որ ջրի շիշը Գասպարիի ուղղությամբ նետում է Արմեն Թավադյանը, վերջինս հերքում է այդ փաստը:

Մարտի 1-ի գործով դատապարտված, հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով իր իրավունքների խախտումներն արձանագրած Վարդգես Գասպարին մեծ ակնկալիքներ չունի այս քրեական գործից:

«Ունենք այն, ինչ ունենք։ Ունենք այն ոստիկանությունը, որ ժառանգել ենք, ունենք այն քննչական մարմինները, որոնք մենք ժառանգել ենք: Ես չեմ ենթադրում, որ էս երեսից էն երես նրանք սկզբունքային փոխվեցին», - մեզ հետ զրույցում մեկնաբանեց քաղաքացիական ակտիվիստը: - «էս հարցում շատ կարևոր է հանրության վերաբերմունքը և ես անպայման ուզում եմ հիշատակել՝ սա ընդամենը ածանցյալ հարց է, սա տարբերվում է նախկինից, նրանով, որ Նոր Հայաստանում է տեղի ունենում»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով դատարանում տեղի ունեցած միջադեպին, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ այդ օրը Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն իրենց արտոնյալ էին զգում և ագրեսիվ պահվածք ցուցաբերում, ինչը հետևանքներ էր ունենալու. - «Ոստիկանությունը, ինձ թվում է, չգիտեր ինչպես իրեն պահեր, երբ հարվածեցին Վարդգես Գասպարիին։ Բավականին պասիվ դիրքորոշում էր բռնել ոստիկանությունը, ես կարծում եմ, որ պարզապես չգիտեին՝ ինչպես վարվեն, չնայած, որ մասնագիտական պարտքը պետք է հուշեր, թե ինչպես վարվեն. պետք էր արագ մեկուսացնել դրանց, և ճիշտ է՝ բերման ենթարկվեցին ոստիկանություն, պետք էր անմիջապես քրեական գործ հարուցել։ Ես ուրախ եմ, ամեն դեպքում, որ քրեական գործ հարուցեցին, բայց պետք էր սանձել համակիրներ կոչված խմբին: Այդ համակիրները պետք է գլուխները խոնարհած կանգնած լինեին, բայց նրանք, փաստորեն, ագրեսիվ վիճակում էին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG