Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպով քրգործը


Վարդգես Գասպարի, արխիվ
Վարդգես Գասպարի, արխիվ

Քննչական կոմիտեն այսօր վարույթ է ընդունել խուլիգանության դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը։

Կոմիտեն նշում է, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ, և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ:

Մայիսի 13-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստի ժամանակ դատարանի մոտ պարբերաբար քաշքշուկ և վիճաբանություն էր տեղի ունենում: Իրավիճակը լարվեց, երբ պաստառով դատարան եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Քոչարյանի աջակիցները պահանջեցին դուրս հրավիրել Գասպարիին, ապա հարձակվեցին և խլեցին նրա պաստառը: Գասպարին պնդում է, որ շշով հարվածել են իր դեմքին:

Ոստիկանությունը երեկ հաղորդեց, որ միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանցից 3-ը բերման են ենթարկվել, իսկ 2-ը ներկայացվել են ոստիկանություն, կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG