Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ 2008 թվականի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության՝ Ոստիկանությանն ուղղված նամակը քննիչը և դատախազը թաքցրել են։ Նամակը հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։
«Կարևորագույն փաստ է, որ թաքցվել է քննիչի կողմից և դատախազի կողմից», - ասաց Հայաստանի երկրորդ նախագահը։
Քոչարյանը հավելեց, որ փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը 300-350 էջ հավաքված նյութեր բացակայում են։
«Եվս մեկ փաստ՝ այս ամբողջ ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունից հարցաքննվել է միայն մեկ անձ», - ասաց նախկին նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նախաքննական մարմինն այդ փաստաթուղթը Քոչարյանի կալանքի հարցի քննության ժամանակ դատարանում չի ներկայացրել, և իրենք գործի նյութերին ծանոթանալիս են հայտնաբերել, որ այս հանգամանքը այն ժամանակ դատարան ներկայացված չի եղել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ մեկնարկել է Հայաստանի երկրորդ նախագահի և երեք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։