Որո՞նք են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյա գոյության ընթացքում ձեռք բերված հիմնական արդյունքները: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցի այս հարցին, ծրագրի նախաձեռնողներից մեկը` Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, մի շարք գործոններ է մատնանշում, այդ թվում՝ միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված որոշ պետությունների նույն ծրագրում ընդգրկված լինելու փաստը: Սիկորսկու ակնարկն ակնհայտորեն վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին:
«Դրական է, որ գործընկերության ծրագրում ընդգրկված պետությունները եվրոպական համատեքստում են հանդիպում: Գիտեք, որ [մասնակից] որոշ պետությունների հարաբերությունները այնքան էլ լավ չեն: Այս ձևաչափը, սակայն, նրանց համար համատեղ մասնակցության հնարավորություն է ստեղծում: Դա պատերազմից լավ է», - նշում էր Սիկորսկին:
«Ազատության» թղթակից Ռիկարդ Յոզվիակը նկատում է, որ Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված ճաշկերույթին միայն ժողովրդավար կառավարիչներ չէ, որ մասնակցում էին: «Այստեղ էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հրավիրված էր, սակայն այդպես էլ Բրյուսել չժամանեց Ալեքսանդր Լուկաշենկոն: Արդյոք դուք անպայմանորեն պե՞տք է ճաշեք նման մարդկանց հետ», - հարցնում է լրագրողը:
«Ես դեմոկրատ եմ, իմ հայրենիքում ևս: Դրա հետ մետեղ, արտաքին քաղաքականությունը մի այնպիսի ոլորտ է, որը շփում է պահանջում նաև այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ամեն ինչում չէ, որ համաձայն ես», - նշում էր Լեհաստանի նախկին արտգործնախարարը:
Սիկորսկին նաև խոսում է Արևելյան գործընկերության ծրագրի իրականացման ընթացքում Եվրամիության կողմից թույլ տրված սխալների մասին: Դրանցից թերևս ամենաճակատագրականը, ըստ լեհ դիվանագետի, Բրյուսելի պահվածքն էր 2013 թվականին` ուկրաինական ճգնաժամի ամենասկզբում:
«Որպես Եվրամիության ներկայացուցիչներ մենք կարող էինք որոշ բաներ այլ կերպ անել: Օրինակ, երբ 2013-ի օգոստոսին Ռուսաստանը Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելու պատճառով Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց, մենք չպետք է դա դիտարկեինք որպես զուտ երկկողմ, ռուս-ուկրաինական խնդիր: Մենք պետք է օգնեինք Ուկրաինային: Այդ դեպքում գուցե նախագահ Պուտինը սխալ հաշվարկներ չկատարեր և չմտածեր, որ Եվրամիությունն ի վիճակի չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ», - պնդում է Սիկորսկին: