Մատչելիության հղումներ

Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք, որ ԼՂ-ն մասնակցի բանակցություններին. Զոհրաբ Մնացականյան


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում, 14-ը մայիսի, 2019 թ.
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում, 14-ը մայիսի, 2019 թ.

«Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին», - այսօր Բրյուսելում «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Երեքշաբթի օրն ավելի վաղ Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, թե Բաքուն սկզբունքորեն դեմ է, որ Ստեփանակերտը մասնակցի ղարաբաղյան բանակցություններին:

«Ազատություն». - Պարոն նախարար, Էլմար Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցե՞լ եք։

Զոհրաբ Մնացականյան. - Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում, այո, որը նորմալ երևույթ է նման ֆորմատների ժամանակ։ Մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման անպայման չի, որ պիտի անպայման անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք պակաս չունենք առիթների։

«Ազատություն». - Ուրվագծվո՞ւմ է առաջիկայում երկրի ղեկավարների հանդիպում։

Մնացականյան. - Ես կարծում եմ, որ մի փոքր էլ համբերենք։ Մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար հանդիպման, որը հյուրընկալող կողմը պետք է ասի՝ ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք կարողանանք նույնպես գնահատել այդ ժամկետները, այսինքն՝ համաձայնել։ Սկզբունքորեն մենք, բնականաբար, որևէ խնդիր չունենք։

«Ազատություն». - Արդեն հստա՞կ է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու, պարոն նախարար։

Մնացականյան. - Ակնկալվում է, սպասվում է, բայց սխալ կլինի որևէ բան ասել, նորից եմ կրկնում։ Հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ։

«Ազատություն». - Մամեդյարովը այսօր նորից պնդեց, որ սկզբունքորեն դեմ են Ստեփանակերտի վերադարձին բանակցային սեղան։

Մնացականյան. - Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։

«Ազատություն». - Ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և ներկայացնում են՝ ինչ են բանակցելու։

Մնացականյան. - Մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին, սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, արդյունավետությունը այս գործընթացի տուժում է լրջորեն։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական։ Շարունակենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG