Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում, 13-ը մայիսի, 2019թ․
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում, 13-ը մայիսի, 2019թ․

Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, այսօր Բրյուսելում պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ազատություն»․ - Պարոն Մամեդյարով, պաշտոնական Երևանը պնդում է, որ առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չէ գտնել հակամարտության իրական կարգավորում:

Էլմար Մամեդյարով․ - Ես կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ, որովհետև այս բոլոր տարիների ընթացքում, որ մենք բանակցություններ էինք վարում, համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում էին նաև Ղարաբաղ և շփվում էին Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացի այդ, և՛ նախկին, և՛ գործող վարչակազմը, հույս ունեմ, տեղեկացնում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, ինչ-որ չափով ներգրավված եղել են, և ձեր ղեկավարությունը այս թեմայով ևս խոսել է: Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք, պետք է նստենք և ավարտենք այն, ինչ ես անվանում եմ սուբստանտիվ բանակցություններ, կարող եք անվանել առարկայական բանակցություններ, որովհետև բոլորը ամեն ինչ հրաշալի գիտեն, գիտեն՝ սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչո՞ւ պետք է ինքներս մեզ խաբենք:

«Ազատություն»․ - Բայց սկզբունքորեն դուք դեմ եք Ստեփանակերտի մասնակցությանը:

Մամեդյարով․ - Սկզբունքորեն այո:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ:

Մամեդյարով․ - Կես ժամ դա էի բացատրում:

«Ազատություն»․- Ոչ, դա չէիք բացատրում: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի ժողովրդի կողմից չի ընտրվել, դրա համար էլ նրանց չի ներկայացնում:

Մամեդյարով․ - Ի՞նչ լեզվով ասեմ, կարդացեք ձեր Սահմանադրությունը, 90-ականների Սահմանադրությունը կարդացեք, դրանից հետո կխոսենք:

«Ազատություն»․ - Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ընտրվե՞լ է Ղարաբաղի ժողովրդի կողմից:

Այս հարցը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անպատասխան թողեց:

«Այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Դուշանբեում․․․ Հայաստանում կան կարծիքներ, որ Ադրբեջանը համեմատաբար խաղաղ իրավիճակը սահմանին օգտագործում է, որպեսզի ամրացնի իր ինժեներական կառույցները», - հայաստանցի լրագրողներից մեկի այս դիտարկմանը Մամեդյարովն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ սկզբունքային պայմանավորվածություն կա ամեն ինչ հաստատել համապատասխան մարմինների միջև շփումների միջոցով, կարծում եմ՝ իրենք շփվում են, որովհետև երբ ինչ-որ միջադեպ է տեղի ունենում, նրանք զանգահարում են իրար, մենք խոսում ենք պայմանավորվածության մասին, այն հաստատվել է թեժ գծի միջոցով: Մյուս կողմից էլ՝ հասկանում եք, հնարավոր չէ այսպես շարունակել ապրելը, դուք ասում եք սահման, մենք դա անվանում ենք շփման գիծ, եթե խոսում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի մասին, դա ուրիշ բան է, եթե ասում ենք, որ դա տեղի է ունենում շփման գծում, դա շփման գիծն է, սահման չէ, այնպես որ՝ այստեղ նստած ինքներդ ձեզ եք խաբում և ուզում եք խաբել հայ ժողովրդին: Ես հարց ունեմ՝ ի՞նչ է ստացել հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ 30 տարվա պատերազմի արդյունքում:

«Իսկ ի՞նչ է ստացել Ադրբեջանը», - հակադարձեց լրագրողը, ինչին Ադրբեջանի արտգործնախարարն արձագանքեց․ - «Հայաստանը շրջանցող երկաթուղային ճանապարհը բացե՞ց, գազամուղը կառուցե՞ց, քի՞չ է միթե, բոլոր ռազմավարական ծրագրերը, որոնց մասին այսօր խոսեցինք, բոլորը Հայաստանը շրջանցել են, և ի՞նչ, ի՞նչ․․․ ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ ստացան Հայաստանի հասարակ քաղաքացիները Ադրբեջանի հետ հակամարտությունից: Ձեզ մոտ, եթե չեմ սխալվում, աղքատության մակարդակը գրեթե 40 տոկոս է, մի օր մեքենայով գիշերը Թբիլիսիից գնացեք Երևան»:

Հումանիտար նախաձեռնությունների մասին հարցին, մասնավորապես՝ կա՞ն արդյոք շփումներ, Մամեդյարովը պատասխանեց․ - «Դա քննարկման ընթացքում է, այս խնդրի շուրջ աշխատում են նաև համանախագահները, որոնք, ի դեպ, ծրագրում են այս ամիս տարածաշրջանային այց կատարել»:

Հարցին էլ՝ «այդ դեպքում, հաջորդ քայլը համանախագահների տարածաշրջանային ա՞յցն է, թե՞ նաև արտգործնախարարների հանդիպում է ծրագրվում», նա արձագանքեց․ - «Ոչ, ոչ, մենք դեռ ծրագրում ենք, որ համանախագահները կգան տարածաշրջան և դրանից հետո կքննարկենք․․․ Օրակարգում նախարարների հանդիպման հարց կա, բայց այն դեռ պետք է նախապատրաստել, արդեն ասել եմ, որ համանախագահ երկրներից մեկի կողմից կա առաջարկ նախարարների հանդիպում անցկացնել, բայց այն առաջին հերթին պետք է նախապատրաստել»: Ադրբեջանի արտգործնախարարը հաստատեց, որ խոսքը Վաշինգտոնում ակնկալվող հանդիպման մասին է:

«Մի քանի անգամ արդեն ասել եք, որ Հայաստանի նոր իշխանությունը բաց, թափանցիկ է գործում, որ հույսեր ունեք, որ կառուցողական երկխոսություն կունենաք», - հայաստանցի լրագրողի այս դիտարկմանն էլ Մամեդյարովն արձագանքեց․ - «Դե, երբ խոսում ենք ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին՝ բացելով մի շարք դետալներ, որոնց մասին խոսել ենք, դա առաջին հերթին Հայաստանին խաղաղության նախապատրաստելու մասին է, որպեսզի աչքակապություն չլինի, որպեսզի հասկանանք, որ լավ հարևանությունն ավելի լավ է, քան շրջափակման մեջ մնալը: Չորս հարևան երկրներից երկուսի հետ ձեր սահմանը փակ է, իսկ երրորդը շուտով կփակվի: Եվ ի՞նչ, մտածեք, ինքներդ ձեզ հարց տվեք, ոչ թե մենք պետք է ձեզ հարց տանք, այլ դուք ինքներդ ձեզ, հայ ժողովո՛ւրդը պիտի իրեն այս հարցը տա՝ հետո ի՞նչ է լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG