Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում տեղի ունեցած միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանցից 3-ը բերման են ենթարկվել, իսկ 2-ը ներկայացվել են ոստիկանություն, կատարվում է քննություն: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
«Մայիսի 13-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», - նաև ասված է հաղորդագրությունում:
Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստի ժամանակ դատարանի մոտ պարբերաբար քաշքշուկ և վիճաբանություն էր տեղի ունենում: Իրավիճակը լարվեց, երբ պաստառով դատարան եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Քոչարյանի աջակիցները պահանջեցին դուրս հրավիրել Գասպարիին, ապա հարձակվեցին և խլեցին նրա պաստառը: Գասպարին պնդում է, որ շշով հարվածել են իր դեմքին: