Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին


Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին նախնական դատական նիստը։

Դատարանը օրվա վերջում անցավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշումը կհրապարակի վաղը։

Նախնական դատական նիստին մասնակցում էր արդեն կես տարի կալանքի տակ գտնվող, սահմանադրական կարգը տապապելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Քոչարյանը։ Այս դատական նիստին քննվում էր Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Երկրորդ նախագահի աջակիցները հոտնկայս, ծափողջույններով դիմավորեցին նրան։

Դատական նիստին ներկա էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, որին ավելի ուշ միացավ նրա գործընկեր, Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։

Նիստին ներկա էր նաև այս գործով անցնող մեղադրյալ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող 2008-ին Պաշտպանության նախկին փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Դատական նիստի հենց սկզբից Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, թե դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող քննել այս գործը, քանի որ նա ամիսներ առաջ հրաժարվել է քննել իրենց պատպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։ Ալումյանը նաև հարցրեց՝ ինչո՞ւ գլխավոր դատախազը ծառայողական մուտքից ներս մտավ դահլիճ։

Երրորդ հանգամանքը, ըստ որի Քոչարյանի պաշտպանական կողմը կարծում է, որ դատավոր Գրիգորյանը չի կարող քննել այս գործը, այն է, որ ըստ նրանց, դատավորը ամբողջությամբ չի ծանոթացել գործի նյութերին։ Մինչդեռ թե՛ դատավորը, թե՛ դատախազները հայտարարեցին՝ սահմանված ժամկետը բավարար է եղել անհրաժեշտ նյութերին ծանոթանալու համար։

Դատախազները դեմ էին, որ դատավորը ինքնաբացարկ ներկայացնի։

Նիստից հետո փաստաբան Ալումյանն անդրադարձավ գլխավոր դատախազի՝ ծառայողական մուտքից նիստերի դահլիճ մտնելու հարցին․ - «Ո՞նց ա Գլխավոր դատախազը հայտնվել արգելված գոտում: Մենք ուզում ենք հասկանանք ոնց է հայտնվել, որ դրանից արդեն հետևություն անենք, թե դա խախտո՞ւմ է, թե՞ խախտում չի: Եթե ինքը բերի որևիցե մի համոզիչ բացատրություն, թե ինչու մնացած դատախազները ստեղով են գալիս, բայց ինքը և Երևան քաղաքի դատախազը՝ էն մուտքով»:

«Ազատության» դիտարկմանը, որ Դավթյանը նշել, թե դահլիճի մուտքից չի կարողացել մտնել, Ալումյանն արձագանքեց․ - «Դա էլ ստուգելու անհրաժեշտություն կա, որովհետև ես ճիշտն ասած չգիտեմ, որ ինքը փորձածլինի էստեղով գա, ու իրեն խոչընդոտեն: Եթե էդպիսի բան է եղել, դա շատ լուրջ հարց է»:

Ի դեպ, այսօր Բարձրագուն դատական խորհուրդը նախազգուշացում հայտարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ տարեսկզբին Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունից հրաժարվելու համար։

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավոր չէր․ - «Մենք ավելի շատ բովանդակային փաստարկներ էինք ակնկալում այսօրվա նիստում, և ցավում եմ, որ դրանք չհնչեցին: Ես չեմ կարծում, որ դա փաստաբանների բացթողումն է: Ես կրկնում եմ՝ քրեական դատավարությունը մի գործընթաց է, որտեղ պաշտպանները ներկայացնում են իրենց պաշտպանյալի դիրքորոշումը և չեն ներկայացնում որևէ դիրքորոշում, որը որևէ կերպ կարող է նույնիսկ ոչ թե հակասության մեջ մտնել, այլ չհամընկնել իրենց պաշտպանյալի դիրքորոշման հետ»:

Մինչև դատական նիստի մեկնարկը Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը նիստերի դահլիճում հայտարարեց, թե հայրը անմեղ է, հոր դեմ մեղադրանքն անձնական վրեժխնդրություն որակեց․ - «Ես համաձայն եմ իմ հոր հետ, ու ես ինքս պնդում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն ա, ու, բնականաբար, էն, ինչ մեր պաշտպաններն են ասում, էն, ինչ հայրս ա ասում, մենք բոլորս համամիտ ենք ու էդ ամեն ինչը տեսնում ենք, ու բազում փաստեր են եղել, որոնք ապացուցել են մեր տեսակետը»:

«Ազատության» հարցին, թե որո՞նք են այդ փաստերը, որոնցով ենթադրում են, որ անձնական վրեժխնդրություն է իրականացվում, Լևոն Քոչարյանը պատասխանեց. - «Ուզես-չուզես կալանքը պետք է տաս»՝ ինձ թվում է սա է»։



Պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։ Քոչարյանից բացի, այս գործով անցնում են նաև նախկին իշխանության բարձրաստիճան երեք ներկայացուցիչ։ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2008-ին հանդիսանալով պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել, որ 2008-ին հանդիսանալով պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները, ասված է մեղադրական եզրակացությունում: Սեյրան Օհանյանի ու Արմեն Գևորգյանի համար խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Իսկ Յուրի Խաչատուրով դեպքում դատարանը խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավը։ Մեղադրյալներից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։

2008-ին նախագահական ընտրություններից հետո առաջին նախագահ, ընտրությունների թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, մերժելով քվեարկության պաշտոնական արդյունքը, հանրահավաքներ նախաձեռնեցին, պահանջում էին չեղյալ համարել քվեարկության պաշտոնական արդյունքները, ըստ որոնց նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը։ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքող ցուցարարների վրա։ Այս իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում՝ ոստիկանական ուժերի երկու ծառայող։ Իրավապահների գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հարյուրավոր մարդիկ բանտարկվեցին և դատապարտվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG