Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի և նրա կինը դատարանում հայտարարեցին, որ չեն ընդունում մեղադրանքը


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը և նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն այսօր դատարանում հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքը։

Այսօր մեկնարկեց նախկին պատգամավոր, 6 հոդվածներով մեղադրվող գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով բուն դատավարությունը։

Սակայն նիստի մեկնարկին պաշտպանական կողմը խնդրեց հաշվի առնել Գրիգորյանի առողջական վիճակը և նիստը չտեսանկարահանել։ Դատարանը բավարարեց միջնորդությունը և արգելեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակումներն ու տեսանկարահանումները։

Մանվել Գրիգորյանն ևս անդրադարձավ իր առողջական վիճակին, ասաց՝ 1990-ականներից սկսած ինքը պայքարում է մի քանի հիվանդությունների դեմ. - «Ամեն տարի ես բուժվել եմ: Գոնե էրկու անգամ պառկել եմ, քաղցկեղով էկել-հասել եմ նորից ստեղ: Էս պահին իմը առնվազն 26 հիվանդություն ա, 30-ի չեմ հասել: Բայց երբ որ ես հիվանդ եմ եղել, ծանր հիվանդություններ եմ տարել, վիրահատվել եմ, 94 թվին հայտնաբերել են, չեմ կարողացել բուժվել, քանի որ չէր ստացվում, իսկ 95-ից զինվորական հոսպիտալից սկսվել ա իմ բուժման պրոցեսները: Եթե որևէ մեկը կասկած ունի, որ ես հիվանդ եմ, թող վերցնեն նայեն ամեն տարի որ հիվանդանոցում որ բժիշկներն են բուժել: Հայաստանում տենց բժիշկ չկա շարքային, որ ինձ բուժած չլինի»:

62-ամյան Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

52-ամյա Ամիրյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով մայիսի 2-ին տեղի ունեցած նախնական դատական նիստին մեղադրող դատախազը պնդել էր, թե Գրիգորյանի քաղցկեղը բուժվել է։

Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան Գրիգորյանը կինը այս հայտարարության մասին միայն ասաց. - «Եթե դատախազները արդեն բժշկական գիտությունների դոկտորներ են, ուրեմն կարող ա»:

Այսօրվա դատական նիստը մի քանի անգամ ընդմիջվեց Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատանալու պատճառով։ Դատարանի դահլիճում էին նաև բժիշկները։

Նիստը հետաձգվեց Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG