Մատչելիության հղումներ

Այսօր Երևանում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Իվո Պոգորելիչի մենահամերգը


Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում մեր երաժշտասերները եզակի հնարավորություն ունեն ունկնդրելու աշխարհահռչակ դաշնակահար Իվո Պոգորելիչի մենահամերգը՝ «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում:

Առաջին անգամ Հայաստանում հանդես եկող լեգենդար այս դաշնակահարն այսօր իր մենահամերգի ընթացքում կկատարի Մոցարտի, Լիստի և Շումանի ստեղծագործությունները:

Կեսօրին փառատոնի կազմակերպիչները՝ փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանն ու փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը լրագրողների համար հանդիպում էին կազմակերպել Իվո Պոգորելիչի հետ:

Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ Իվո Պոգորելիչի համար յուրաքանչյուր տարի պարզապես լի է հյուրախաղերով, առավել ևս այս տարին, որը հոբելյանական է դաշնակահարի համար՝ նշվում է նրա ծննդյան և ստեղծագործական գործութնեության համապատասխանաբար 60 և 40-ամյա հոբելյանները:

Վիրտուոզ այս դաշնակահարի հետ Հայաստանում մենահամերգով հանդես գալու բանակցությունները ընդամենը մեկ ամիս առաջ են սկսվել, և նա սիրով համաձայնել է մեկ մենահամերգ տալու մեր մայրաքաղաքում: Եվ մեծ դեր է այս հարցում ունեցել այն փաստը, որ նա լավ ճանաչել է մեր լավագույն կոմպոզիտորներից մեկի՝ Ալեքսանդր Հարությունյանի ընտանիքը, որի հարևանությամբ, ինչպես այսօր ասաց դաշնակահարը, բնակվել է իրենց ընտանիքը տարիներ առաջ Լոնդոնում:

Պոգորելիչն ասաց, որ չնայած այն ժամանակ ինքը ոչինչ չգիտեր հայերի ու Հայաստանի մասին, բայց Հարությունյանի ընտանիքի հետ մտերմությունը մեծապես նպաստեց ոչ միայն Հայաստանի, այլև Հայաստանի երաժշտական մշակույթի մասին իր տեղեկացվածությանը, իսկ Երևանում տեղեկացել է Արամ Խաչատրյանի մասին, որի արձանի մոտ էլ այսօր տեղի ունեցավ հանդիպումը անվանի դաշնակահարի հետ:

Իվո Պոգորելիչին ոգեշնչում է երաժշտության գեղեցկությունը և կոմպոզիտորների ձեռքբերումները: Իր ստեղծագործական կյանքի կարևորագույն սկզբունքներից մեկն է՝ զինվորական կարգապահությունը: Յուրաքանչյուր համերգի պատրաստվում է չափազանց մեծ պատասխանատվությամբ՝ ամեն անգամ ինքն իրեն գերազանցելով:

Իվո Պոգորելիչն անկեղծացավ՝ ասելով, որ սիրում է անել բաներ, որոնք ուրիշները չեն անի: Օրինակ, քայլել անձրևի տակ, չի սիրում լողափնյա հանգիստը, գերադասում է փակվել և նվագել իր սենյակում: Ասաց նաև, որ իր կամքից անկախ՝ այս տարվա հոկտեմբերին կբոլորի ծննդյան 61-ամյակը, իսկ այս փաստը խոսում է այն մասին, որ ինքը ճիշտ սկզբունքններով է կյանքն ապրել:

Շատ երկրներում է ճամփորդել, հանդես եկել հյուրախաղերով:

Ասաց, որ գիտեր իհարկե, որ Երևանը գեղեցիկ քաղաք է․ - «Յուրահատուկ միջավայր ու մթնոլորտ զգացի: Մարդիկ ջերմ են, հանգիստ են: Ցնցված եմ այս քաղաքից, մթնոլորտից, ընդունելությունից»:

«Հուսով եմ, ձեզ լավ ապագա է սպասվում», - հանդիպման ավարտին ռուսերեն ասաց ազգությամբ խորվաթ մեծանուն դաշնակահարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG