ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ շտապ ուղևորվել է Բրյուսել և ստիպված չեղարկել է Մոսկվա կատարելիք այցը, սակայն այսօր նա միևնույն է կբանակցի Ռուսաստանի ղեկավարների հետ:
Սոչիում Փոմփեոյին ընդունելու են նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Օրակարգում երկկողմ հարաբերությունների, Իրանի, Ուկրաինայի, Սիրիայի և Վենեսուելայի թեմաներն են:
Փոմփեոն պետական քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է մեկնում Ռուսաստան: Այցը տեղի է ունենում ռուս-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամային վիճակի պայմաններում:
Այսօրվա ռուս-ամերիկյան հանդիպումը բարձր մակարդակով առաջինն է նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ անցյալ տարվա հուլիսին Ֆինլանդիայում անցկացրած բանակցություններից հետո:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների քննարկման ելակետն այն է, որ պետք է անկեղծորեն խոստովանենք՝ Ռուսաստանն աշխարհում իրականացնում է ագրեսիվ և ապակայունացնող գործողություններ», - մայիսի 10-ին ասել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մի բարձրաստիճան պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը:
Նրա փոխանցմամբ՝ «Փոմփեոն պետք է հիմա այդ մասին պարզ ու հստակ հայտնի ռուսներին և նշի, թե ինչ է Վաշինգտոնը նրանցից ակնկալում դեպի հարաբերությունների բարելավում տանող արահետ գտնելու համար»:
Մինչդեռ, "Коммерсантъ" պարբերականի փոխանցմամբ, Փոմփեոն մտադիր է ռուսների հետ քննարկել այս տարվա հունիսի վերջին Ճապոնիայում նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը:
Երկու գերտերությունների ղեկավարները մասնակցելու են Օսակայում անցկացվելիք «Մեծ քսանի» գագաթնաժողովին:
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը երեկ նշել է, որ նման հանդիպման թեման կարող է արծարծվել Սոչիում:
«Մենք միշտ ընդգծել ենք, որ երկու լիդերների մասնակցությունն այդ մակարդակի միջազգային հավաքներին ընձեռում է նման առիթ: Բայց անցյալում համոզվել ենք, որ ամերիկյան կողմն ինքն է հրաժարվում ձեռք բերված համաձայնություններից և փոխում է ծրագրերը, այնպես որ, չէի ցանկանա վաղաժամ քննարկել թեման, սակայն սոսկ տեսականորեն նման հնարավորություն կա», - ասել է Ռյաբկովը: