Մատչելիության հղումներ

«Քոչարյանի գործով դատավարությանը պարզ կդառնա, թե ինչպես տեղի ունեցավ Մարտի 1-ը». Անդրանիկ Քոչարյան


Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր մեկնարկած դատավարության ընթացքում պարզ կդառնա, թե ինչպես ապօրինի որոշումների արդյունքում տեղի ունեցան Մարտի 1-ի արյունալի իրադարձությունները և «ունեցանք առնվազն տասը զոհ»:

Ինչ վերաբերում է բուն սպանություններին, ապա Անդրանիկ Քոչարյանն, ով Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ է, վստահություն հայտնեց, որ դրանք նույնպես վաղ թե ուշ բացահայտվելու են։

«Բայց, եթե նկատում եք, պաշտպանություն իրականացնող պաշտպանական խումբը շեշտը դնում է, որ «եթե չեք հայտնաբերել այս պահի դրությամբ տասը սպանություններից որևէ մեկը, դուք իրավունք չունեք Ռոբերտ Քոչարյանին որևէ մեղադրանք տալ, կամ որևէ մեկին։ Ես դրա համար հիշեցնում էի, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ Նյուրնբերգյան դատավարություն էր գնում, որոշում կայացնողներին դատեցին, իսկ զինվորները, որոնք էսպես թե էնպես հրաման կատարողների մեջ էին, նրանք մեծամասամբ հայտնվեցին ամնիստիայի կարգավիճակում։ Ինչ վերաբերում է սպանությունների բացահայտմանը, ոչ մեկը կասկած չունենա, որ առնվազն «Չերյոմուխա»-ի կրակոցների հարցում անպայման կունենանք առարկայական բացահայտում», - ասաց Քոչարյանը։

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, այժմ դատարանում գտնվող գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են այն մեխանիզմները, որոնց շրջանակներում պաշտոնատար անձինք մարտի 1-ի վաղ առավոտից սկսած իրականցրել են անօրինական գործողություններ։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի համոզմամբ, պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները սկսեցին շրջանառել այն թեզը, թե մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրավապահների գործողությունների մասին երկրորդ նախագահը տեղյակ չի եղել:

«Երբ որ փաստաբանները հասկացան, որ առավոտյան գործողություններն էլ եղել են ապօրինի, նրանք միանգամից տարան այն թեզը, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև 08։30 քնած է եղել, բայց չբացատրեցին՝ քնած Ռոբերտ Քոչարյանի կողքից ինչի՞ էր բացակայում իր անվտանգության պետ Գրիշա Սարգիսովը, որը գնացել էր ղեկավարեր առավոտյան գործողությունները, որի արդյունքում նաև ինքն իրեն թույլ տվեց այդ գործողությունների արդյունքում առաջին նախագահի թևերը ոլորելով մեկուսացնել այդ պրոցեսից», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը Ռոբերտ Քոչարյանի գործով ակնկալում է արդար դատաքննություն

Գևորգ Գորգիսյան, արխիվ
Գևորգ Գորգիսյան, արխիվ

​Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը Ռոբերտ Քոչարյանի գործով ակնկալում է արդար դատաքննություն, իսկ հարցին թե արդյո՞ք այսօր դատարանը ունի նման դատավարություն անցկացնելու հնարավորություն, խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կարճ պատասխանեց. - «Նոր Հայաստանում խոստացվել է, որ պետք է լինի»։

Ի դեպ, Գևորգ Գորգիսյանի համոզմամբ, Քոչարյանի գործով մեկնարկած դատավարությանը զուգահեռ նրա աջակիցներն այսօր փորձում են քաղաքական տարբեր գործընթացներով նրան բանտից ազատ արձակել:

Հիշեցնենք՝ երկրորդ նախագահին աջակցող մի շարք անհատներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք»:

Ըստ այդ անհատների, դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է ապօրինի կալանքի տակ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահին։

«Ինձ թվում է՝ իրենք ուղղակի սխալ հաշվարկ են կատարել։ Ռոբերտ Քոչարյանը և նրա մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը՝ որևէ պարագայում։ Իսկ գործընթացը, կարծում եմ, սպասել էր, որովհետև գնում է պարոն Քոչարյանի դատավարությունը, և այս ամբողջ քաղաքական գործընթացը միտված է ուղղակի բանտ չնստելուն, այսպես ասենք, կամ սեփական ունեցվածքը պահպանելուն, որևէ այլ նպատակ ես այստեղ չեմ տեսնում, առավել ևս չեմ տեսնում այդտեղ որևէ կերպ Հայաստանի շահը», - ասաց Գորգիսյանը։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքին, հեգնեց՝ ասելով, թե պարզ չէ՝ այդ դաշինքում ովքեր են ընդգրկված:

«Գուցե այդպիսի միավոր ստեղծվել է մեկուսարանում իր այս ամիսների ընթացքում։ Դրա մասին էլ որևէ հաղորդագրություն չկա», - ասաց Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG