Մեկնարկում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը։ Այս նիստում բացառապես քննարկվելու է խափանման միջոցի հարցը:
Ռոբերտ Քոչարյանը ներկա է նիստին։
Պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։
Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ, երբ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, որ տվյալ ժամանակաշրջանում հանդիսանալով պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը։
2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, որ տվյալ ժամանակաշրջանում զբաղեցնելով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։
Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Գևորգյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2008-ի ապրիլին գործարար Սիլվա Համբարձումյանից Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները: