Մատչելիության հղումներ

«Ես գտնում եմ, որ հորս դեմ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է». Լևոն Քոչարյան


Քիչ անց կմեկնարկի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով նախնական դատական նիստը։

Այս նիստում բացառապես քննարկվելու է խափանման միջոցի հարցը:

Դատական նիստերի դահլիճում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նախքան նիստի մեկնարկը նա «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ այսօր արդար որոշում կլինի։

Լևոն Քոչարյանը հոր դեմ մեղադրանքն անձնական վրեժխնդրություն որակեց։

«Ես գտնում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է, և բնականաբար՝ այն, ինչ հայրս է ասում, մեր պաշտպաններ են ասում, բոլորս համամիտ ենք, այդ ամեն ինչը տեսնում ենք, բազում փաստեր են եղել, որոնք ապացուցել են մեր տեսակետը», - ասաց Քոչարյանի որդին։

«Ազատության» հարցին, թե որո՞նք են այդ փաստերը, որոնցով ենթադրում են, որ անձնական վրեժխնդրություն է իրականացվում, Լևոն Քոչարյանը պատասխանեց. - «Ուզես-չուզես կալանքը պետք է տաս»՝ ինձ թվում է սա է»։

Պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG