Այսօր Բրյուսելում նշվում է Արևելյան գործընկերության 10-ամյակը, Եվրամիության մայրաքաղաք են ժամանում ծրագրին անդամակցող պետությունների ղեկավարները՝ այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչև այդ, սակայն, վարչապետն այսօր հանդիպումներ է անցկացնում Լյուքսեմբուրգում։
Արդեն օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգից կժամանի Բրյուսել: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ընթրիքի է հրավիրել Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդներին: Այսօր այս միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ նախատեսված չեն։
Մինչև պետությունների ղեկավարների ժամանումը վաղ առավոտյան այստեղ մեկնարկեց արտգործնախարարների մակարդակով հավաք, բացառված չէ Զոհրաբ Մնացականյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը, համենայնդեպս երկու երկրների արտգործնախարարները միասին մի քանի միջոցառման են մասնակցելու: Ադրբեջանն, ի դեպ, այս հավաքի ընթացքում Եվրամիության հետ ստորագրելու է համագործակցության փաստաթուղթ, դրա բովանդակությունը դեռ չի հրապարակվում:
Հայաստանը երկու տարի առաջ՝ 2017-ին է ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը արդեն վավերացրել են Եվրամիության մի շարք երկրներ: Փոխարենը Երևանը Սերժ Սարգսյանի օրոք հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից՝ վերջին պահին նախընտրելով Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը:
Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցում են հետխորհրդային վեց պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան:
Ակնկալվում է, որ վեց պետությունները և Եվրամիությունն այսօր համատեղ հայտարարություն կընդունեն:
Բրյուսելից վարչապետը մեկնելու է Պեկին։ Սա որպես Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Չինաստան, նախատեսված են բանակցություններ նախագահ Սի Ծինփինի հետ:
Տե՛ս նաև այստեղ