«21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային հոբելյանական 20-րդ փառատոնը հայ երաժշտասերներին մայիսի 13-ին հրավիրում է ունկնդրել մեր ժամանակների լավագույն դաշնակահարներից մեկին՝ Իվո Պոգորելիչին: Այս մենահամերգի ընթացքում կհնչեն Մոցարտի, Լիստի և Շումանի ստեղծագործությունները:
Այս տարին հոբելյանական է ոչ միայն «21-ի հեռանկարներ» փառատոնի, այլև հենց իր՝ աշխարհահռչակ դաշնակահարի համար: Այս տարի նա նշում է ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանները: Նրա հոբելյանական հյուրախաղերը այս տարվա սկզբից տեղի են ունենում և տեղի են ունենալու աշխարհի ամենատարբեր երկրներում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները:
Դեռ 20 տարեկանում համաշխարհային երաժշտական վերնախավում նրան հանճար էին անվանում և այս 4 տասնամյակների ընթացքում Պոգորելիչի անցած ստեղծագործական կյանքը որևէ կասկած չի թողնում, որ նա մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկն է՝ հազարից ավելի համերգներ, ձայնագրություններ, երիտասարդ կատարողների համար կազմակերպվող և 100000 դոլար մրցանակային պարգևավճարներով երաժշտական հեղինակավոր փառատոններ:
«Ինքը ոչ սովորական մարդ է՝ կարող է համերգի վերջին օրը չնվագի և այլն․․․ բայց հանճարա ինքը», - շեշտում էր «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանը:
Այս համերգին բոլորովին վերջերս նախորդել էր մեկ այլ աննախադեպ համերգ՝ Մեծ Բրիտանիայից ժամանած The Swingles վոկալ խմբի համերգը, որով էլ «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բացեց հոբելյանական 20-րդ համերգաշրջանը, որը, ինչպես շեշտում էր Ստեփան Ռոստոմյանը, կրկին, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, մեր երաժշտասեր հանրությանը հնարավորություն կտա ունկնդրել համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչներին, վոկալ խմբերին ու նվագախմբերին:
«Ամեն դեպքում, ինչ որ արվում է այդ համերգների միջոցով, մեր երաժիշտների, հայ մշակույթի պրոպագանդայի համար է: Այս տարի աննախադեպ գաղափար կա՝ 20-ամյակի առիթով պատվիրել 20 նոր ստեղծագործություն հայ կոմպոզիտորների, և դա մի վերածննդի ալիք կբարձրացնի Հայաստանում: Եվ փառատոնն իր կապերով լավագույն գործերի կատարումները կապահովի դրսում», - «Ազատության» հետ զրույցում նշեց փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: