«Արսենալը» խիստ մտահոգված է, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է դուրս մնալ մայիսի 29-ին Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից, և հիմա ՈւԵՖԱ-ից հավաստիացումներ է պահանջում նրա մուտքի վիզայի և անվտանգության հետ կապված:
«Մեր խաղացողների անվտանգությունը և ապահովությունը առանցքային կարևորություն ունեն մեզ համար», - հայտարարել է «Արսենալի» խոսնակը՝ հավելելով. - «Մենք այժմ երաշխիքներ ենք սպասում ՈւԵՖԱ-ից, որ Մխիթարյանի համար անվտանգ կլինի մեկնել Բաքու»: Ընդ որում, ակումբի խոսնակն ընդգծել է՝ եզրափակիչ խաղին Միկիի մասնակցությունը կարևոր է ոչ միայն նրա, այլև «Արսենալի» համար:
«Առայժմ ընդունելի երաշխիքներ չեն տրամադրվել, և մենք հուսով ենք, որ ՈւԵՖԱ-ն կարող է դրան արագորեն հասնել», - հայտարարել է «Արսենալի» խոսնակը՝ հավելելով․ - «Մենք, անշուշտ, խիստ մտահոգված ենք, որ խաղի անցկացման վայրի պատճառով Միկին կարող է դուրս մնալ Եվրոպական մեծ եզրափակիչ հանդիպումից»:
Ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել էր, թե Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան անվտանգության ու մուտքի երաշխիքներ է տվել ՈւԵՖԱ-ին Մխիթարյանի համար: Գործակալությունը պնդում է, թե ՈւԵՖԱ-ից գրավոր հաղորդագրություն է ստացել, որում ասվում է․ - «Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ Մխիթարյանը Ադրբեջան այցելելու խնդիր չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»:
Ռուսական գործակալությունից բացի, արևմտյան որևէ աղբյուր այս լուրը առայժմ չի հաստատում:
Ինքը՝ Մխիթարյանը, երեկ կիսաեզրափակիչում տարած հաղթանակից հետո Facebook-ի իր էջում լուսանկար էր հրապարակել՝ գրելով. - «Մեկ թիմ, մեկ նպատակ: Եկե՛ք հաղթենք Եվրոպա լիգայի այս եզրափակիչը»:
Հայաստանի հավաքականի ավագը Եվրոպայի լիգայի այս խաղաշրջանում 11 խաղի է մասնակցել և աչքի ընկել 3 գոլային փոխանցմամբ: Երեկ էլ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կիսաեզրափակիչում «Արսենալի» հաղթանակն ամրապնդեց՝ Մխիթարյանից ստացած գնդակն ուղարկելով «Վալենսիայի» դարպասը:
Ընդ որում, ՈւԵՖԱ-ն Մխիթարյանի այս փոխանցումը դասել է Եվրոպայի լիգայի այս փուլի երեք լավագույնների շարքում․ ՈւԵՖԱ-ի թվիթերյան էջում այն դրվել է քվեարկության, որին Մխիթարյանից բացի մասնակցում են նաև «Չելսիից» Էդեն Ազարը և «Այնտրախտից» Միյատ Գաչինովիչը:
Եզրափակիչ խաղին Մխիթարյանի մասնակցության հարցն այսօր քննարկում են առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցները․ BBC-ի, Skynews-ի մեկնաբանները հիշեցնում են 2015-ին՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Մխիթարյանը չէր մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» դեմ հանդիպմանը Եվրոպայի լիգայի շրջանակներում, անցած տարի էլ չէր մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» հետ հանդիպմանը «Արսենալի» կազմում: Երկու դեպքում էլ մարզիչները հայտարարել էին, թե որոշումը կայացրել են անվտանգության նկատառումներով:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել էր, թե Մխիթարյանը Ադրբեջան չի մեկնել, քանի որ զրկված է այդ երկիր մտնելու թույլտվությունից: Ղարաբաղի մարզիչ Գուրբան Գուրբանովն էլ պնդել էր՝ Մխիթարյանի բացակայությունը բխում էր բոլորի շահերից: - «Չէի ուզի քաղաքականությունը խառնել սպորտին, սակայն երբեմն անհնար է առանց դրա», - ասել էր ադրբեջանցի մարզիչն՝ անցած հոկտեմբերին:
Անդրադառնալով այս հայտարարություններին՝ բրիտանական լրատվամիջոցները հիշեցնում են Ղարաբաղյան խնդիրն ու փաստում, որ դրա պատճառով Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չունեն: