Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Շատ դեպքերում հնարավոր է իսկապես շատ մեղմ ենք վարվում մարդկանց հետ


Գործադիրի նիստում, նախքան օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բենզինի և գազի շուկաներին՝ ակնարկելով, որ ոլորտում հիմնական խաղացողները քաղաքական կերպարներ են և կարող են շահարկել խնդիրը:

Այն բանից հետո, երբ կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ գազալցակայանների հաշվիչ սարքերի չափման միավորը խորանարդ մետրից դարձավ կիլոգրամ, շուկայում գների աճ նկատվեց․ - «Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունն էլ հրավիրել, որ էդ էրկու ոլորտում էլ քաղաքական առնչություններ ունեցող մարդիկ կան, և նույնիսկ մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ: Եվ ես ուզում եմ հավատամ, որ նրանք փորձ չեն անի ինչ-որ քաղաքական շահարկումների առիթ տան էս հարցում: Մենք պետք է սրանով շատ լուրջ զբաղվենք: Շատ դեպքերում գուցե մենք դանդաղ ենք աշխատում իսկապես, և հանրությունն ա մեզ մեղադրում, և ոմանք առիթավորվում էլ են ոնց որ: Կարա էսպիսի երանգ էլ ըլնի: Եվ ես շատ հստակ ասում եմ՝ արագ զբաղվեք, բոլոր մարմինները, ով պիտի սրանով զբաղվի: Էսպիսի բան պետք ա թույլ չտալ: Շատ դեպքերում հնարավոր ա իսկապես շատ մեղմ ենք վարվում մարդկանց հետ, իրանց թվում ա թե, ենթադրենք, էն անեկդոտի նման, ասում ա՝ ես կատակ եմ, հետ էկեք: Չէ, կատակ չենք անում»:

Փաշինյանը նկատեց, որ նախաձեռնությունը պետք է ծառայեր սպառողի շահերին և չափման միավորի փոփոխությունը չէր կարող հանգեցնել գնի բարձրացմանը: Վարչապետը պարզաբանում պահանջեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմին ղեկավար Արմեն Կոտոլյանից:

Վերջինս տեղեկացրեց, որ չափման միավորի փոփոխությունից հետո ակնկալվում էր, որ մեկ կիլոգրամ գազի գինը պետք է կազմեր 272 դրամ, բայց կան տնտեսվարողներ, ովքեր վաճառում են 310 դրամով․ - «Քանի որ տնտեսվարողները նախկինում հնարավորություն են ունեցել չարաշահումների միջոցով գինը ցածր պահել, այսինքն գինը գրված ա եղել 200 դրամ, բայց իրական գինը հավասար ա եղել 222 դրամի, թերլիցքավորման պատճառով նրանք հնարավորություն են ունեցել ցածր գին ներկայացնելու: Այսօր այդ հնարավորությունը չունենալու պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել գին բարձրացնել: Այսինքն, սպասվելիք 270-208 դրամի փոխարեն լինի 300-310 դրամ»:

«Միանշանակ և աներկբա համոզվա՞ծ ենք, որ օրենքի հիմքում ճիշտ բանաձև ենք դրել», - հետաքրքվեց վարչապետը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից: Վերջինս վերահաստատեց իրենց դիրքորոշումն ու պարզաբանեց՝ օրենքով փոխվել է ոչ թե գազի գինը այլ չափման միավորը․ - «Եթե նախկինում չափման միավորը կիրառվում էր խորանարդ մետրը, և ներկայացնելիս էլ մենք դրան մանրամասն անդրադարձանք, և խորանարդ մետրը տարբեր պայմաններում կարող է տարբեր քաշ ունենալ, հիմա կիրառվում է քաշը: Եվ էդ քաշի պայմաններում նախկինում եղած գինը, այլ հավասար պայմաններում, եթե ելնում ենք նրանից, որ որևէ չարաշահում էդ հնարավորության չի եղել, չէր կարող անվանական արտահայտությամբ գոնե փոխվել գինը»:

«Հետևաբար նրանք, ովքեր գինը փոխում են, պարոն Անանյան, խոստովանում են, որ իրենք նախկինում սպառողներին խաբե՞լ են», - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից դիմեց վարչապետը:

«Ըստ էության, այո», - արձագանքեց Անանյանը՝ հավելելով, որ ոլորտի 33 կազմակերպություններ մոտ 22 մլրդ դրամի հարկային պարտավորություններ ունեն, կառույցը ներկայումս նրանց հետ դատական պրոցեսների մեջ է:

Հարկ վճարողների վարքագծի վերաբերյալ տեղեկությունները Անանյանը վարչապետին երկու ցուցակով է ներկայացրել՝ որոշակի խումբ անձինք և մնացածը:

«Պետական եկամուտների կոմիտեի գործողությունները, սակայն, որևէ քաղաքական ենթատեքստ չեն պարունակում», - նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Դավիթ Անանյանը․ - «33-ի մեջ կան նաև պարոն Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, որոնց վերաբերյալ մենք մեր արձանագրությունները դեռևս անցած տարի ենք ամփոփել, և պարոն Ծառուկյանին պատկանող կազմակերպությունների մենեջմենտը իրեն իրավասության շրջանակներում բողոքարկել է մեր գործողությունները, և կա դատական պրոցես: Հիմա մեր և պարոն Ծառուկյանին պատկանող գազալցակայանների մենեջմենտի հետ եղած անհամաձայնությունները արդեն տեղափոխվել են դատական համակարգ»:

ՊԵԿ նախագահը գազի շուկայում առաջացած խնդիրը տեսնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դաշտում: Այդ գերատեսչությունը, ասում է, պետք է թույլ չտա հակամրցակցային պայմանավորվածություններ:

ՏՄՊՊՀ նորնշանական նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով, 1-2 ամիս անհրաժեշտ է ուսումնասիրություն անելու համար․ - «Ցանկացած չարաշահում դա խնդիր է: Ես էս պահին չեմ կարող բոլոր տնտեսվարող սուբյեկտների անուններն ասեմ, որովհետև նոր ենք սկսել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG