Մատչելիության հղումներ

Կարծում եմ, որ այս 12 ամիսների ընթացքում Հայաստանը փոխվեց․ Սվիտալսկի


Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 12 ամիսներին, Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող աջակցությանը: Դեսպանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Կիրակնօրյա վերլուծականի եթերում՝ մայիսի 12-ին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

«Ազատություն». – Երբեմն շատ ցինիկ ենք դառնում և փողի վերաբերյալ ուղիղ հարցեր ենք հղում։ Երբ ասում եք, որ կան նոր ծրագրեր Արևելյան գործընկերության համար, այնտեղ որևէ ֆինանսական բաղադրիչ կա՞։

Սվիտալսկի. – Այո՛, անշուշտ, որովհետև Արևելյան գործընկերության մասին այս քննարկումը համընկնում է Եվրամիության հաջորդ բազմամյա ֆինանսական հեռանկարի քննարկման հետ։ Ընթացիկը կավարտվի 2021 թվականին և արդեն այժմ ապագայի վերաբերյալ մենք քննարկումներ ենք ունենում Հանձնաժողովում և անդամ պետությունների միջև։ Հանձնաժողովի կողմից որոշ կարևոր առաջարկություններ են արվել, և այս առաջարկությունները ուղիղ ազդեցություն ունեն Հարևանության շրջանում, այդ թվում՝ Հայաստանում մեր գործունեության վրա։ Մինչ այս պահը կայացած քննարկումներից ես կարող եմ եզրակացնել, որ Հանձնաժողովը մտադիր է ոչ միայն պահպանել ֆինանսական հանձնառության ընթացիկ մակարդակը, այլև ավելացնել այն։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ Հանձնաժողովի այս քաղաքականությունը, Եվրոպական Հանձնաժողովի այս առաջարկությունները մեծ աջակցություն կգտնեն Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական խորհրդի կողմից։

«Ազատություն». – Պարոն դեսպան, մենք տեսանք, որ Եվրամիությունը ֆինանսավորել է որոշ ծրագրեր, օրինակ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, և Հայաստանը ավելի քիչ է ստանում քան այլ երկրներ, որոշ դեպքերում զգալիորեն ավելի պակաս է ստանում քան իր հարևանները։ Դրա համար պատճառներ կա՞ն։

Սվիտալսկի. – Ես խորհուրդ կտայի հեռուն գնացող եզրակացություններ չարվեն մի քանի շաբաթ առաջ մեր հայտարարած այսպես կոչված՝ TEN-T ծրագրի շրջանակից։ Ինչպես ասացի այդ ժամանակ, սա նախնական շրջանակ է, նախնական ծրագիր է, որի հիմքում հիմնականում դրված է նախագծերի առկայությունը: Թերևս ավելի կարևոր է այն, որ ձեր վարչապետի բրյուսելյան այցից հետո, որտեղ նա ներկայացրեց մի քանի այսպես կոչված՝ առաջնահերթ նախագծեր, որոնք ևս կապված են մեծ ենթակառուցվածքային նախագծերի հետ, մենք սկսեցինք աշխատել պատվիրակությունում՝ այստեղ Երևանում, և ուզում եմ իսկապես շնորհակալություն հայտնել իմ աշխատակազմին, գործընկերներին, ովքեր վարչապետի այցից հետո շատ ժամանակ են տրամադրել ու մեծ ջանքեր գործադրել հայաստանյան գործընկերների հետ աշխատելու համար, որպեսզի գտնեն լավագույն ձևը վարչապետի կողմից ներկայացրած այս առաջնահերթ նախագծերը իրականացնելու համար։ Դրանցում կան Հայաստանի համար շատ կարևոր ծրագրեր, բայց միաժամանակ՝ շատ ծախսատար ու բարդ ծրագրեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի շարունակությունը՝ մինչև իրանական սահման մայրուղու կառուցումը: Ինչպես կարող եք պատկերացնել, դա միլիոնավոր եվրոներ արժե և տեխնիկապես բարդ է։ Բայց մենք շատ լրջորեն դիտարկում ենք, թե ինչպես լավագույնս իրականացնել այս նախագծերը։ Առաջնահերթ այս ծրագրերը, ինչպես գիտեք, նաև առնչվում են ՀԷԿ-երին, դրանք ևս շատ ծախսատար են, առնչվում են մեծ բնապահպանական նախագծերի՝ Սևանա լճին, Հրազդան գետին։ Չեմ ուզում թվարկել բոլոր նախագծերը, դրա ժամանակը չունենք։

«Ազատություն». – Նրանք բազմամիլիոն ...

Սվիտալսկի. – Նրանք շատ մեծ են նույնիսկ ԵՄ չափանիշներով։ Բայց ինչպես ասացի, մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում և աշխատում ենք ձեր կառավարության հետ միասին՝ լավագայն ձևերը գտնելու համար, որովհետև ինչպես ձեր վարչապետն ասաց Բրյուսելում ունեցած իր զրույցներից հետո, հնարավոր չէ ակնկալել, որ Եվրամիությունը կտրամադրի այսքան մեծ դրամաշնորհներ, որ կծածկի բոլոր ծախսերը, մենք պետք է գտնենք հնարավորություններ էժան վարկերի, որոնք հավասար կլինեն դրամաշնորհների և գտնենք ֆինանսավորման լավագույն բանաձևը։ Բայց մենք շատ կառուցողական տրամադրության մեջ ենք։

«Ազատություն». – Պարոն դեսպան, երբ գալիս եք մեր տաղավար, ես Ձեզ միշտ հարցնում եմ, թե ինչպես եք գնահատում երիտասարդ այս կառավարության գործունեությունը։ Կրկին նույն հարցը կտամ։ Մեկ տարի է անցել թավշյա հեղափոխությունից, Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո։ Ի՞նչ ձեռքբերումներ ունի Հայաստանը իբրև Եվրամիության գործընկեր և իբրև երկիր։ Արդյո՞ք Եվրամիությունում ու անձամբ Դուք գտնում եք, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։

Սվիտալսկի. – Կարծում եմ, որ մեր կողմնակի՝ որպես Հայաստանի գործընկերոջ գնահատականից ավելի կարևոր է Հայաստանի ժողովրդի գնահատականը։ Հայաստանի ժողովրդի ձայնը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան մերը։ Բայց ես կարծում եմ, որ այս 12 ամիսների ընթացքում Հայաստանը փոխվեց, կան անժխտելի ձեռքբերումներ, անժխտելի հաջողություններ, առաջին հերթին, մեր տեսանկյունից՝ կոռուպցիայի դեմ պայքարը։

Կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքի աննախադեպ դրսևորում ենք գրանցել։ Եվ կարծում եմ, որ նոր մթնոլորտ է ձևավորվել այս շատ կարևոր թեմայի շուրջ, որն ունի առաջնային նշանակություն Հայաստանի ապագայի ու ոչ միայն տնտեսության, այլև նրա քաղաքական զարգացման համար։ Այնպես որ, այստեղ ձեռքբերումները տեսանելի, շոշափելի և շատ գնահատված են։

Իհարկե, Հայաստանը պետք է շարունակի ձևավորել համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը կոռուպցիայի դեպ պայքարի համար, բայց այն, ինչ արդեն տեսանելի է, դա քաղաքական կամքն է։

Երկրորդ, կարծում եմ, այս 12 ամիսները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները օրենքի առաջ հավասար են դարձել։ Չկա անպատժելիությունը, չկան խմբեր, անձինք, ովքեր կզգային, թե առանձնահատուկ կարգավիճակ ունեն, թե պաշտպանված են իրավական մեխանիզմների կիրառումից։

Այնպես որ, այս առումով, կարծում եմ, հայաստանցիները ևս հավատացած են, որ երկիրն այժմ գործում է ըստ արևմտյան հասարակությունների, այդ թվում՝ Եվրամիության հասարակությունների օրենքի գերակայության չափանիշների։

Երրորդ, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերումներ կան քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու գործում։ Տնտեսության ոլորտում չկան հատուկ շահեր, որ կլինեին հատուկ պաշտպանիչ քաղաքական հովանու ներքո։ Դա նաև շատ նպաստավոր է հասարակ հայաստանցիների տնտեսական գործնեության համար։

Այնպես որ, ձեռքբերումներն անհերքելի են, և որպես Հայաստանի գործընկեր՝ մենք գնահատում ենք դա։ Այժմ մեր հայ բարեկամներին մենք ասում ենք, որ նրանք պետք է սահմանեն, թե ինչպես մենք որպես Եվրամիություն կարող ենք օգտակար լինել բարեփոխումների օրակարգի մշակման գործում, որովհետև մի բան է վատ գործելաոճը վերացնելը, բայց այժմ Հայաստանի համար մեծ մարտահրավեր է՝ մշակել ապագայի համար ճիշտ մոդելը, ժողովրդավարություն համար ճիշտ մոդելը, այդ թվում՝ սահմանադրական կարգավորումները, տնտեսության համար ճիշտ մոդելը, սոցիալական ապահովության համար ճիշտ մոդելը և այլն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG