Օրեր առաջ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը համատեղ դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Արցախի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցելու Եռատոնի միջոցառումներին:
Սահակյանի և Ղուկասյանի նամակը «Ազատության» «Ըստ էության» հաղորդման ընթացքում քննարկում են քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը և լրագրող Մհեր Ղալեչյանը․
«Ազատություն»․ - Միջամտո՞ւմ է Հայաստանի գործերին:
Հայկ Մարտիրոսյան․ - Իհարկե միջամտում է, և ես դրա հետևում տեսնում եմ հենց հակահեղափոխական, այսպես կոչված, արդեն մոդայից դուրս է եկել, բայց բառը պիտի օգտագործենք՝ հակահեղափոխական գործունեություն: Տեսնում ենք, որ Արցախում կուտակված են բոլոր այն ուժերը, որոնք, այսպես կոչված, հեղափոխությանը դեմ էին Հայաստանում և, ըստ էության, հակաժողովրդական, ապազգային ուժերն են, հիմա իրենք համախմբվում են Քոչարյանի շուրջ: Պատահական չէ, որ Քոչարյանը ինքը հայտարարություն արեց, որ միանալու է այն ուժերին, որոնք պայքարելու են իշխանության դեմ: Սա համակարգված կենտրոնից մի բան է, որը Նիկոլ Փաշինյանը սկզբի՛ց պետք է՝ հենց հեղափոխության ժամանակ, հեղափոխության ուժով, կասեցներ, հեղափոխությունը տարածեր նաև Արցախի վրա, չարեց՝ հիմա դրա համար գին է վճարում:
«Ազատություն»․ - Այսինքն, ի՞նչ, քաղաքական ուղե՞րձ են հղել Հայաստանի իշխանություններին: Ի վերջո, Դատախազությունը շատ կոռեկտ, մեկ նախադասությամբ ասաց, որ՝ մեր դաշտում չէ գնդակը, և վերջ:
«Ազատություն»․ - Ի վերջո, կարելի էր գուշակել, որ նրանք գիտեին, որ արդեն գործը ուղարկվել է դատարան, դժվար է հավատալ, որ այդ մասին Ղարաբաղում չգիտեին, և դատախազն այլևս որևէ ազդեցություն չունի այդ իրավիճակի վրա:
Մարտիրոսյան․ - Ես կարծում եմ՝ Դուք շատ բարձր կարիք ունեք Արցախի ղեկավարության և նրանց իրավախորհրդատուների մասին: Փաշինյանը ինքը հղում արեց իրավախորհրդատուներին, իհարկե, էդտեղ նույնպես խնայում էր անձամբ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, բայց ես համոզված եմ նաև, որ իրենք դա անգամ չգիտեին: Բայց, ամեն դեպքում, դա միջամտություն է մի գործընթացի, որին իրենք չպետք է միջամտեն, հատկապես նման անձի պարագայում՝ Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Այո, կա միջամտություն, և եթե իրենք հայտարարում են, որ Հայաստանից որևէ մեկը չպետք է ասի, որ Արցախը անկախ չպետք է լինի, ապա պետք է գոնե լռեն և նստեն իրենց տեղում և, ինչպես վարչապետն է ասում, հանգիստ նստեն տեղները:
Մհեր Ղալեչյան․ - Փորձ չէ՝ դա հենց ինքը միջամտություն էր, և ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ ես կասեի, որ մարդկայնորեն չեմ հասկանում ես այդպիսի նամակի էությունը:
«Ազատություն»․ - Ինչո՞ւ, մարտական ընկերներ են երկարամյա:
Ղալեչյան․ - Շատ բարի, բայց մենակ Ռոբերտ Քոչարյա՞նն է եղել իրենց մարտական ընկերը, Մանվել Գրիգորյանը իրենց մարտական ընկերը չի՞ եղել:
«Ազատություն»․ - Այդ օրինակը վարչապետը բերեց:
«Ազատություն»․ - Դե, իրենք համարում են, որ քանի որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախագահն է եղել, ինչպես նշել էին նամակում, ցանկանում են, որ բոլորը միասին այսօր կանգնած լինեին Ստեփանակերտում իրար կողքի:
Ղալեչյան․ - Շատ բարի, իսկ ինչո՞ւ նախորդ տարիներին չեն ցանկացել՝ Ռոբերտ Քոչարյանը լինի էդ նույն Եռատոնին: Երկու տարի առաջ ես եղել եմ Շուշիում, Եռատոնին մասնակցել եմ, և Ռոբերտ Քոչարյանը չի եղել էնտեղ, և ոչ մեկի մտքով չի անցել Ռոբերտ Քոչարյանի մասին հարցնել՝ ուր է, կամ հրավեր չի եղել:
«Ազատություն»․ - Պարոն Մարտիրոսյանը ավելի հեռուն գնաց՝ որ դա հակահեղափոխական ուժերի կենտրոն է դարձել, և այլն:
Ղալեչյան․ - Գիտե՞ք ինչ, իրենք իրենց այդ նամակի մեջ, որ գրել էին՝ միասնության և այսպիսի, ինչ-որ, խորհրդանիշ կլիներ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը Եռատոնին, դրանով մենք ցույց կտանք աշխարհին ինչ-որ բան, ճիշտ հակառակ էֆեկտը ունեցավ ինքը: Այսինքն՝ դրանով ցույց տվեցին, որոշակի խտրականություն դրեցին Ռոբերտ Քոչարյանի և մնացած այն մարդկանց միջև, որոնք նույնպես որոշակի ներդրում են ունեցել Արցախյան ազատամարտում ․․․ Սամվել Բաբայանի՛ն թող կանչեին: Այ եթե Սամվել Բաբայանին կանչեին, Ռոբերտ Քոչարյանին հրավիրեին, Սասուն Միքայելյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, այսինքն՝ բոլոր էն մարդկանց, որոնք տարբեր քաղաքական բևեռներ են ներկայացնում, իրար հակադիր են, իրար հետ խնդիրներ են ունեցել էս տարիների ընթացքում, դա կլիներ մի փորձ իսկապես, որը կասենք՝ փորձում են գոնե էս Եռատոնի շնորհիվ իրար հետ միավորել, դա իսկապես հասկանալի կլիներ: Բայց կոնկրետ կենտրոնանալ՝ դա նշանակում է, ես միայն որպես քաղաքական աջակցություն եմ դա դիտարկում: Մանավանդ որ Մարտի 1-ի դատավարությունն էլ գալիս է, մոտենում է, ընդհանրապես անհասկանալի է:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․