Հայաստանը իր արտադրանքով մասնակցում է Չինաստանում բացված այգեգործական միջազգային ցուցահանդեսին: Ցուցահանդեսը կես տարի շարունակվելու է՝ մայիսից մինչև հոկտեմբեր: Այցելուներին ցուցահանդեսը գրավում է բազմատեսակ բույսերով ու ծաղիկներով, գեղեցիկ զարդարված ցուցասրահներով:
Սա ոչ միայն գեղեցիկ ցուցադրություններին ծանոթանալու հնարավորություն է, այլև կապեր ստեղծելու, առևտրային ու բիզնեսի հնարավորություն, մասնավորապես՝ չինական շուկա դուրս գալու հնարավորություն:
Reuters-ը վերցրել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության ռեպորտաժը, որտեղ հստակ երևում են Հայաստանի տաղավարի պաստառը, Իջևանի պահածոները, «Ֆրուտի ֆուդ»-ի քաղցրավենիքները և այլ նմուշներ:
Միջազգային տաղավարը ցուցահանդեսում բացված 4 տաղավարներրից մեկն է: 1260 քառակուսի մետր սրահում մի շարք երկրների, տարածաշրջանների, միջազգային կազմակերպությունների ցուցադրությունն է: Սա ցուցահանդեսի ամենամեծ սրահն է, մյուս երեքը տրամադրված են բույսերին, կենցաղային դիզայնին և տանտերերին՝ Չինաստանին:
«Այգեգործություն-2019» ցուցահանդեսում նաև անցկացվում է ծաղիկների միջազգային փառատոն, ծաղկեգործական հատուկ մրցույթ՝ 6 տեսակի ծաղիկների համար:
Միջազգային կազմակերպություններին հատկացված սրահում հիմնականում ներկայացված են միջազգային համագործակցության պտուղները, գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները, սննդի անվտանգության, մաքուր էներգիայի ու մաքուր ֆինանսների, ինչպես նաև ապագա քաղաքների ծրագրերը: