Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ Հաղթանակի գնահատականը տալիս է միշտ ժողովուրդը


«Հաղթանակի զգացումը ընդմիշտ է: Մենք, եթե ճշգրիտ օրը ունենայինք, հավանաբար կնշեինք նաև Ավարայրի ճակատամարտի օրը», - այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Մայիսյան եռատոնի առթիվ այսօր Հաղթանակի զբոսայգում էին Հայրենական պատերազմի վետերաները, քաղաքական վերնախավը՝ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Մայիսյան հաղթանակների առթիվ շնորհավորանքներ շռայլող պաշտոնյաները խուսափում էին լրագրողների այլ հարցերից:

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ հետաքրքրված էր միայն հայ ժողովրդի հաղթանակներին վերաբերող հարցերով․ - «Արցախյան ազատամարտը ճիշտ նույնն է, և նույնն է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ․ մենք բոլորս՝ ողջ ժողովուրդը վտանգի պահին ուղղորդում է, և թիրախը դառնում է հաղթանակը»:

Այնուամենայնիվ լրագրողները նախագահին հարցրին՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը համարո՞ւմ է հայ ժողովրդի հաղթանակներից մեկը:

«Հաղթանակի գնահատականը տալիս է միշտ ժողովուրդը, ուրեմն Դուք պատասխանեցիք Ձեր տված հարցին», - արձագանքեց երկրի նախագահը:

Արմեն Սարգսյանը չարձագանքեց Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքով Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նամակի վերաբերյալ «Ազատության» հարցին: Այդպես էլ չասաց, թե Արցախի ներկա և նախկին նախագահների այս նամակը համարո՞ւմ է միջամտություն Հայաստանի ներքին գործերին, թե՞ ոչ:

Այս հարցից խուսափեց նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա մեկնաբանեց վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե ժողովուրդը պետք է որոշի Արցախի կարգավորման հարցը․ - «Դուք պատկերացնում եք, որ երբ վարչապետը ասում է՝ ժողովուրդն է պատասխանատու, ժողովո՞ւրդը պիտի գնա բանակցի․․․ Կա Կառավարություն, Կառավարությունը ունի իր մանդատը: Մանդատը տրված է ժողովրդի կողմից՝ ընտրությունների միջոցով: Կառավարությունը իր մանդատի շրջանակում է, Կառավարություն չի կարող անել որևէ բան, որը խախտի մանդատը: Կառավարությունը իր վրա պատասխանատվությունը վերցրել է և տանելու է մինչև վերջ»:

Իսկ հարցին, թե ինչպես են պարզելու ժողովրդի կարծիքը, արտգործնախարարը պատասխանեց․ - «Մենք դեռևս այդ փուլում չենք, բայց մենք չունենք ձևեր՝ հասկանալու, թե ինչպես է աշխատում հասարակական կարծիքը: Վարչապետը խոսում է սկզբունքի մասին, որովհետև հաճախ եղել են իրավիճակներ, երբ որ ենթադրություն է եղել, որ ինչ-որ մի գործընթաց է գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել: Ինչպե՞ս կարող է դա լինել: Մեր հասարակության մեջ, մեր երկրի մեջ Կառավարությունը արտահայտում է ժողովրդի կամքը, և այդ կամքի հիման վրա է իր վրա վերցրել պատասխանատվությունը, մանդատի հիման վրա»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անդրադարձավ առաջնագծում նկատվող ակտիվությանը․ - «Անցնում ենք գարնանային փուլի, պետք է [կատարվեն] որոշ ինժեներական աշխատանքներ, աշխուժանում է առաջնագիծը: Դրա հետ է կապված»:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվեցին ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերով: Այս մասին երեկվա ասուլիսում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

ԱԱԾ տնօրենը մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ դրա մասին տեղեկացել են դեռեւս մեկ տարի առաջ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ չցանկացավ օրվա խորհրդից տեղափոխվել քաղաքային խնդիրների տիրույթ:

«Աղբանության խնդրի լուծումը ընթացքում է», - ասաց քաղաքապետը՝ այդպես էլ մեկ փաստ անգամ չնշելով, թե այս ամիսների ընթացքում քաղաքային խնդիրներից որն է լուծել:

«Կլինի բրիֆինգ, ինչ ուզում եք, կներկայացնեմ ձեզ», - խոստացավ Հայկ Մարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG