Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելը քաղաքական քայլ չէ»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա զորահանդեսին իր բացակայությունը պատճառաբանված չէ քաղաքական հանգամանքներով, և գաղտնապաշտական թեզեր այդ հարցում քննարկելու անհրաժեշտություն չկա:

Այդ մասին Լուկաշենկոն այսօր ասել է Մինսկում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների ընթացքում:

Բելառուսի ղեկավարի փոխանցմամբ, մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելը քաղաքական քայլ չէ:

«Եթե ռուսաստանցիները կամ Ռուսաստանի ղեկավարությունը որևէ մեկին հրավիրեին և նա չգնար՝ այդ ժամանակ կարելի կլիներ խոսել, որ ինչ-որ մեկը չի մեկնել, բայց նախ՝ ինձ ոչ ոք չի հրավիրել, և, բացի այդ, նույնիսկ եթե հրավիրեին, ինձ համար շատ դժվար կլիներ մասնակցել այդ միջոցառումներին և բաց թողնել Բելառուսում կազմակերպված միջոցառումները: Ի՞նչ կասեին բելառուսցիները, եթե ես ներկա չլինեի», - պարզաբանել է Լուկաշենկոն:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, որ արտասահմանյան լիդերներին հրավիրում են հոբելյանական միջոցառումների առիթով, իսկ այս տարի Հաղթանակի 74-ամյակն է:

Նրա խոսքով՝ բարձրաստիճան օտարերկրացիների բացակայությունն արտառոց բան չէ:

«Ինչ-ինչ հատուկ հրավերներ չենք ուղարկել ոչ այս տարի, ոչ էլ անցյալ տարի», - ասել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG