«Ըստ էության, պաշտոնական անձինք պաշտոնեական դիրքը օգտագործել են, որպեսզի պաշտպանեն ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի այն շահերը, որոնք ենթակա են պաշտպանության իրավաքաղաքացիական հարաբերությունների սահմաններում: Եվ այս առումով ապօրինի մշակվել են անձի անձնական տվյալներ, անձին ներկայացվել է ապօրինի պահանջ, և սրանով գործել են պաշտոնեական դիրքի շահերին հակառակ», - փաստարկեց Դանիել Իոաննիսյանը։
Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նամակ էր ուղարկել «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին՝ պահանջելով հերքել իր ֆեյսբուքյան գրառումը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ծաղիկների բիզնես ունենալու և վառելանյութ ներկրելու մասին:
ԱԱԾ-ի նամակում գրառումը որակվում է որպես հոդված և նշվում, որ այն չի համապատասխանում իրականությանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասված էր․ - «Էն, որ Վանեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական դիզելը վառարանի վառելանյութի անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»։
ԱԱԾ-ից նամակը ստանալուց հետո Միսկարյանը «որպես բարի կամքի դրսևորում» Ֆեյսբուքում հերքում էր հրապարակել՝ նշելով, թե այլևս չի հավատում մամուլում և հանրության մեջ շրջանառվող ու գրառման մեջ տեղ գտած լուրերին:
Երեկ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց, որ եթե իր կամ իր ներկայացուցչի արարքում կլինի հանցակազմ, ապա կհարուցվի քրեական գործ։ Եվ եթե պարզվի, որ իրենք մեղավոր են, ապա կկրեն պատասխանատվություն։
Հարցին, թե ինչու է նամակը ուղարկվել իր՝ որպես ԱԱԾ տնօրենի անունից, Վանեցյանը պատասխանեց. - «Եթե ես չլինեի ԱԱԾ տնօրեն, ոչ մեկին չէր հետաքրքրի՝ ես բիզնես ունեմ, թե բիզնես չունեմ, դա մեկ։ Իրենց գրառման մեջ մատնանշված է իմ պաշտոնը, մատնանշված է իմ անունը, և բոլորը գիտեն, որ Արթուր Վանեցյանը այօսր հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը»:
Իսկ հարցին, թե արդյոք արդարացնում այդ քայլը, Վանեցյանն արձագանքեց. - «Միանշանակ պետք է հերքվեն բոլոր ստերը, մեղադրանքները, որ հնչեցվում են: Ազատ խոսքի իրավունքը մարդուն զրպարտե՞լն է: Եթե մարդուն զրպարտելը դա ազատ խոսքի իրավունք է, ուրեմն ես ներողություն եմ խնդրում: Եթե ճիշտ քննադատություն է, ճիշտ տեղեկատվություն է, որևէ խնդիր չկա, ես կընդունեմ, կպատասխանեմ: Եթե կա սուտ, ուրեմն ստին պետք է տրվի պատասխան: Որովհետև չի կարելի օգտվել խոսքի ազատության իրավունքից ու մարդկանց վարկաբեկել, սուտ տեղեկություններ տարածել: Պետք չէ փորձել Ազգային անվտանգության ծառայության հեղինակության հետ խաղալ»:
Դանիել Իոաննիսյանը հակադարձեց, թե ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայությո՞նն է որոշում լուրի ճշմարտությունը. - «Ո՞վ որոշեց, որ այդ տեղեկությունը իսկությանը չի համապատասխանում։ Անձամբ Արթուր Վանեցյա՞նը, թե՞ Ազգային անվտանգության ծառայությունը: Քանի որ գրությունը գնացել էր ԱԱԾ-ից և ոչ թե անձամբ Արութր Վանեցյանից կամ իր անձնական ներկայացուցչից, ստացվում է, որ ԱԱԾ-ում որոշում են, թե որ լուրն է ճիշտ, որն է զրպարտություն։ Հազար ներողություն, Հայաստանի Հանրապետությունում կան դատարաններ, որոնք որոշում են, թե հրապարակումը զրպարտություն պարունակում է, թե չի պարունակում: Ազգային անվտանգության ծառայությունը, մեղմ ասած, որևէ լիազորություն չունի պարզելու՝ Արթուր Վանեցյանի կամ Պողոս Պողոսյանի մասին հրապարակումը իսկությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում: Դա կարող է անձամբ Արթուր Վանեցյանը գնահատել, բայց ոչ ԱԱԾ-ն»: