Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը կմեկնարկի մայիսի 13-ին: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանական խմբից: Առաջին նիստին բացառապես քննարկվելու է խափանման միջոցի հարցը:
Պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ, երբ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, որ տվյալ ժամանակաշրջանում հանդիսանալով պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը։
Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, որ տվյալ ժամանակաշրջանում զբաղեցնելով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։
Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Գևորգյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2008-ի ապրիլին գործարար Սիլվա Համբարձումյանից Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:
Դատական դեպարտամենտը շաբաթասկզբին հաղորդեց, որ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին: