Եվրամիությունը և անդամ երեք պետությունների առաջնորդները մերժել են միջուկային համաձայնագրի որոշ դրույթներ սառեցնելու վերաբերյալ Իրանի ներկայացրած փաստարկները և դրանք «վերջնագիր» են որակել: Միաժամանակ, Եվրամիության լիդերներն ափսոսանք են հայտնել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ:
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Ռումինիայում գումարած ոչ պաշտոնական հավաքում հրապարակել են համատեղ հայտարարություն, որով աջակցություն են հայտնել 2015 թվականին Իրանի և աշխարհի գերտերությունների կնքած միջուկային համաձայնությանը և միաժամանակ մերժել են այն ուժի մեջ պահելու համար պաշտոնական Թեհրանի ներկայացրած նախապայմանները:
Երեկ Թեհրանը հայտնել է, որ սառեցնում է համաձայնության դրույթներից մի քանիսը և փաստաթուղթը կնքած կողմերին տալիս է «ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելու ժամանակ»: Եվրամիությունը դա անվանել է «անընդունելի վերջնագիր»:
Վաշինգտոնը Թեհրանի այդ քայլը «շանտաժ» է անվանել: Մինչդեռ, Ամերիկան երեկվանից նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ այս անգամ թիրախ դարձնելով մետաղագործության և հանքարդյունաբերության ոլորտները:
Միացյալ Նահանգներն անցյալ տարվա մայիսին է դուրս եկել միջուկային համաձայնագրից և վերականգնել ու հզորացրել է նավթարդյունաբերության ոլորտի նկատմամբ պատժամիջոցները, որոնք արդեն ծանր հարված են հասցրել Իրանի տնտեսությանը, թուլացրել են ազգային տարադրամը և հանգեցրել կենսամակարդակի կտրուկ անկման: