ԱՄՆ-ը խստացրել է Իրանի մետաղական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները՝ նույն օրը, երբ պաշտոնական Թեհրանը հայտարարեց 2015 թվականի միջուկային պայմանագրով ստանձնած իր որոշ պարտավորությունների կատարումը կասեցնելու մասին:
Սպիտակ տունը երեկ հաղորդել է, որ նոր պատժամիջոցները վերաբերում են պողպատի, ալյումինի, պղնձի և երկաթի արդյունաբերությանը՝ ոլորտներ, որոնք Իրանի պետական եկամուտների կարևոր աղբյուրներ են:
Դրանից ժամեր առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը մասնակիորեն դադարեցնում է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Մասնավորապես, Իրանը երկու ամսով երկրի ներսում կպահի հարստացված ուրանն ու ծանր ջուրը, որն ըստ համաձայնագրի պահանջների պարտավոր է արտահանել, իսկ երկու ամիս անց հնարավոր է հրաժարվի համաձայնագրի այլ կետերից:
Միջուկային համաձայնագրի եվրոպական մասնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան քննադատել են Իրանի այս քայլը և հորդորել Թեհրանին դուրս չգալ պայմանագրից։ Պայմանագրի մյուս մասնակիցը՝ Ռուսաստանը, պնդել է, որ Իրանի այս որոշման համար պետք է մեղադրել Միացյալ Նահանգներին։
Ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ-ը հայտարարել էր Իրանի և աշխարհի հզոր երկրների միջև 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: