Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ում փաստաթղթերի ոչնչացման փաստով ծառայողական քննություն է տարվում․ Վանեցյան


Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, այսօր պատասխանելով «Ազատության» հարցերին, անդրադարձավ նաև վարչապետի այն հայտարարությանը, թե նախորդ իշխանությունները ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել: «Ազատության» հարցին, թե արդյո՞ք դրանք կապ ունեն Մարտի 1-ի կամ Հոկտեմբերի 27-ի հետ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. - «Ծառայողական քննություն է ընթանում և ծառայողական քննության մասին ավել բան ես չեմ կարող ասել։ Քննության ավարտից հետո նյութերին կտրվի գնահատական և դրանք կուղարկվեն, կարծում եմ, Հատուկ քննչական ծառայություն, և եթե կլինի հանցակազմ, կհարուցվի քրեական գործ և կտրվեն բոլոր գնահատականները»։

«Ազատության» մեկ այլ հարցին, թե արդյո՞ք Գեորգի Կուտոյանը պատասխանատվության ենթարկվելու է, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. - «Ես այս պահին նման հարցի չեմ կարող պատասխանել, մինչև չլինի ծառայողական քննության ավարտը։ Որևէ մեկը այս հարցին չի կարող պատասխանել»։

Գերագույն ռադայի պատգամավորի պնդումը «ապատեղեկատվություն է»

Արթուր Վանեցյանը անդրադարձավ նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորին, ում վերջերս Հայաստանի սահմանապահներն արգելել էին մուտք գործել երկիր։ Մուստաֆա Նայեմին ասել էր, որ դա եղել է Ռուսաստանի պահանջով, քանի որ այնտեղ նա «անցանկալի անձ» է։ Վանեցյանը, սակայն, հայտարարեց, որ Ռուսաստանի պահանջով չի եղել ոչինչ. - «Դա ակնհայտ սուտ տեղեկատվության տարածման արդյունքում է ստացվել, որ Ուկրաինայի պատգամավորը Ռուսաստանի պահանջով է եղել։ Նման բան չկա իրականության մեջ։ 2015 թվականին Մուստաֆա Նայեմը օտարերկրացիների մասին օրենքի համաձայն ընդգրկվել է Հայաստանում որպես անցանկալի անձ և նրա մուտքին արգելք է դրվել։ Դա որևէ կապ չունի Ռուսաստանի հետ։ Դա եղել է ՀՀ 2015 թվականին ԱԱԾ տնօրենի որոշման համաձայն։ Երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն, շատ մեծ քանակությամբ քաղաքացիների մուտքը, որ արգելափակված էր Հայաստան, բացվել է։ Երեսուն հազարից ավելի մարդկանց մասին է խոսքը, որոնք հանվել են այդ ցանկից։ Տեխնիկական վրիպակ է եղել և Մուստաֆա Նայեմը մնացել է այդ ցուցակում։ Բայց ինձ, երբ զեկուցել էին, որ նման դեպք է եղել, անմիջապես հարցը հարթվել է և Մուստաֆա Նայեմը մուտք է գործել Հայաստան։ Ռուսաստանի կողմից որևէ ազդեցություն չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG