Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնել է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ մասնակցելու մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Ստեփանակերտում երեկոյան տեղի ունեցավ տոնական համերգ, որին ներկա էին Լեռնային Ղարաբաղ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մայիսի 9-ին կայանալիք միջոցառումներին մասնակցելու համար վաղն առավոտյան Լեռնային Ղարաբաղ է մեկնում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անցած տարի ապրիլին հրաժարական ներկայացրած Սարգսյանը այսօր հրաժարվեց պատասխանել թե՛ նոր կառավարության գործունեության մեկ տարուն, թե՛ ղարաբաղյան բանակցությունների մասին «Ազատության» հարցերին:
«Հայաստանի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ ինձ հարցեր կտաք Երևանում», - ասաց նա:
Ղարաբաղյան բանակցությունների մասին հարցին էլ արձագանքեց․- «Բայց ես չեմ բանակցում, չէ՞»:
Սերժ Սարգսյանը վերջին շրջանում մասնակցել է մի քանի հանրային միջոցառումների և բոլորի ժամանակ էլ հրաժարվել պատասխանել որևէ հարցի: