Մատչելիության հղումներ

Տարեցները դեղ ու բազմազան ուտելիք են ուզում


Երևանի համար մեկ տուն-ինտերնատի նախկին տնօրենը մինչև այս ամսվա վերջ կվերադառնա իր գործին։

Դատարանը բավարարել է նրա հայցն ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու նախկին նախարար Մանե Թանդիլյանի։ Վճիռն ուժի մեջ կմտնի մայիսի 26-ից։ Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք չեն բողոքարկելու։

«Մարդուն նշանակում են նախարար, ինքն ինչ հրաման ուզենա, կարող է տալ՝ անօրինական, որից հետո ինքը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում», - «Ազատության» հետ զրույցում նշեց տուն-ինտերնատի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանը։

Վահան Զուրաբյանը նախարար Թանդիլյանի հրամանով աշխատանքից ազատվել էր վստահությունը կորցնելու հիմքով։ Տուն-ինտերնատի հետ կապված երկու քրեական գործ էր հարուցված. Զուրաբյանը մեկով մեղադրյալ էր, մյուսով՝ վկա։ Երկուսն էլ կարճվել են:

«Չկա որևիցե մի գործում առնչվող ցանկացած նյութ, որի մասով թե՛ ոստիկանությունը, թե՛ դատախազությունը ինչ-որ բան է արձանագրել իմ մեղավորության մասով», - ասաց Զուրաբյանը։

Տնօրենի հեռացումն ու վերադարձը բյուջեի վրա կնստի մեկ միլիոն դրամ։ Դատարանը որոշել է, որ հարկադիր պարապուրդի համար նա պետք է փոխհատուցվի։ Տնօրենի աշխատավարձը անփոփոխ 120 հազար դրամ է։

Հնարավոր չարաշահումները հերքող Զուրաբյանը համաձայն է, որ այդ գումարով հնարավոր չէ ապրել․ - «Իհարկե, ոչ։ Ես էլ եմ աշխատում, կինս էլ է աշխատում: Փառք Աստծու, կնոջս անձնական բիզնես էլ ունի»:

Թիվ մեկ տուն-ինտերնատում խնամվում է 250 տարեց, աշխատում՝ 150 հոգի։ Վերջին երկու տարում ինտերնատը հաճախ է հայտնվում սկանդալի կենտրոնում։ Մեկ անանուն նամակ է հայտնվում, թե տարեցների թոշակը ղեկավարությունը գրպանում է, մեկ այլ նամակով ծերերը պահանջում էին վերադարձնել տնօրենին։ Բողոքներ այստեղ հիմա էլ ունեն։

«Դեղորայքը լավ չեն սպասարկում: ասին մարտին մրցույթը կլինի, մարտին մրցույթը եղավ, 20 օր դեղ տվեցին, էլ չկա», - ասաց Սվետա Եղիազարյանը։

Սվետա տատիկը մյուս տարեցների պես գնումների օրենսդրությանը ստիպված է ծանոթացել: Իրենց տարիքում ինչ հիվանդություն ասես չունեն, իսկ դեղերը կիսատ-պռատ են ստանում։

Ինտերնատի փոխտնօրեն Վարդան Բալայանի պարզաբանմամբ՝ որոշ դեղեր, այո, չկան․ - «Մրցույթը ամեն անգամ չի կայանում, հետևաբար այդ նշված դեղորայքը չեն կարողանում ստանալ։ Կան կազմակերպություններ, որոնք հենց էդ դեղի արտադրողն են, իրանք են մասնակցել մրցույթներին, հիմա սև ցուցակում են հայտնվել»:

Սվետա Եղիազարյանը ինտերնատի ամենահին բնակիչներից է, 20 տարուց ավելի այստեղ է, ուրիշ բողոք չունի․ - «Ոչ մի բողոք չունեմ ես ստեղից: Ի՞նչ պիտի բողոքեմ, տեսեք ինչ ձևով ենք ապրում մենք: Մենք մեր տանը սենց ապրե՞լ ենք»:

Իսկ 95-ամյա Հասմիկ տատիկը անհրաժեշտ դեղերի բացակայությունից բացի, նաև ուտելիքից է դժգոհում, նախաճաշը ոչինչ, բայց ապուրներն, ասում է, շատ միօրինակ են, ձանձրացել է։

Ճաշարանում կաթսաների կափարիչներն են բացում, յուղոտ ու մսով ճաշերն են ցույց տալիս: Ավագ խոհարար Ժասմինա Բադալյանը ընդունում է, որ մենյուն կրկնվում է, բայց ի՞նչ անեն․ - «Մեր տունը ո՞նց ենք անում, անընդհատ չենք կրկնո՞ւմ, սոուս չեն եփո՞ւմ, ապուրները չենք եփո՞ւմ տարբեր։ Օրը մի բան լինում է»:

Արաքսյա Հարությունյանին ոչինչ այստեղ դուր չի գալիս. - «Չեմ կարում տանեմ։ Ստե ես նենց մեկի հետ եմ մնում, իմ կյանքը ուտում է։ Չեմ դիմանում, ես չեմ դիմանում, ես ուզում եմ դուրս գամ ստեղից, չեմ կարողանում մնամ»։

Տիկին Ժաննան է նրա սենյակակիցը, նկարահանվել չցանկացավ, ասաց, որ Արաքսյա տատիկը շատ հիվանդ է, անընդհատ վայր է ընկնում, ինքը նկարել է նրան այդպես անօգնական վիճակում, որ ուղարկի սոցապ նախարարություն, որ իրենց առանձնացնեն։

Ի դեպ՝ ծանր վիճակում գտնվող տատիկը հաշմանդամության կարգ չունի, տիկին ժաննան՝ ունի։ Բողոքում է, որ իր երկրորդ կարգը փոխել են երրորդով՝ ասում է հեռացած ու վերադարձող տնօրենն է արել, բողոքելու է։

Ինտերնատի փոխտնօրենը պնդում է, որ տիկին Ժաննան սենյակից չի տեղափովում, տատիկի համար են այլ տեղ փնտրում, բայց դեռ չկա։

Ի դեպ՝ Տուն-ինտերնատ ելումուտի վիճակագրությունը թեթևներից չէ. տարեկան այստեղից տուն, հարազատների մոտ է գնում ընդամենը 10 տարեց, և ծերանոց ընդունվում 60-70 նոր բնակիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG