Նելլի Բաղդասարյանը ստացավ նկատողություն, իսկ Հարություն Մանուկյանը՝ նախազգուշացում այն բանի համար, որ հրաժարվել են քննել Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Ըստ դատավորների ընդհանուր ժողովի, Բաղդասարյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում:
Նիստին ներկա էր միայն դատավոր Նելլի Բաղդասարյանն, ով, սակայն, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
Հայաստանի դատավորների ընդհանուր ժողովն էր կարգապահական վարույթներ հարուցել այս երկու դատավորների նկատմամբ և միջնորդություն ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, ինչից հետո դռնփակ նիստում քննարկվել էին երկու դատավորների գործունեության հետ կապված հարցերը։
Նիստից հետո խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը «Ազատության» հարցին պատասխան հաստատեց, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի գործին է վերաբերում․ - «Մի դեպքում եղել է գրավով փոխարինելը, երկրորդ դեպքում եղել է և՛ այդ միջնորդությունը, և՛ դրան ավելացվել է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը: Մեր դիրքորոշումն այն է, որ բավարար հիմքեր չեն եղել են ինքնաբացարկի միջնորդությունը հայտարարելու: Այդպիսի դիրքորոշում հայտնել են նաև փաստաբանները: Իհարկե, միջնորդությունը ներկայացվել է քննիչների կողմից, դրա հետ համամիտ է եղել նաև դատախազը: Կարող էր սա ընկալվել, որ դատավարության պատասխանատու կողմը մի այնպիսի դիրքորոշում ունի, որի հետ հաշվի չէր կարող չնստել դատավորը, բայց հենց դատավորի կարգավիճակն է թույլ տալիս, որ հարկ եղած դեպքում համարժեք գնահատի այդ թվում նաև դատախազի միջնորդությունը: Եթե գտնում է, որ այդ միջնորդությունը բավարար հիմքեր չի բովանդակում, պետք է կարողանա որոշում կայացնել և պարզապես մերժել այդպիսի միջնորդությունները՝ անկախ նրանից, թե ով է այդ միջնորդության հեղինակը»:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն, դատավոր Նելլի Բաղդասարյանը չի պահպանել օրենքի պահանջները և ինքնաբացարկի որոշումը կայացրել է ոչ թե ինքնաբացարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարագայում, այլ մեղադրանքի կողմից չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ:
Նելլի Բաղդասարյանը նաև ինքաբացարկ էր հայտնել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ապացույցների կեղծման մեջ մեղադրվող, Մարտի 1-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցը լսելիս։ Եվ արդեն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ դատավորը վկայակոչել էր հենց այս հանգամանքը։
Ինչ վերաբերում է մյուս դատավորին՝ Հարություն Մանուկյանին, ապա նա, պաշտոնական տեղեկատվության համաձայն, գործը վերադարձել է գրասենյակ առողջական խնդիրների պատճառով, ինչի իրավասությունը չի ունեցել։
«Ազատության» դիտարկմանը, թե, ըստ էության, դատավորները խուսափում են առնչվել Ռոբերտ Քոչարյանի գործին, Բարձրագուն դատական խորհրդի անդամ Դանիելյանը արձագանքեց․ - «Բացարձակապես չեմ կարող կիսել: Երկու, երեք, անորոշ թվով դատավորների կեցվածքը երբեք չի կարող հիմք հանդիսանալ ընդհանրապես դատական համակարգի համար ձևավորված, միանշանակ կարծիք հայտնելու համար: Եվ մեր այս արձագանքը խոսում է այն մասին, որ եթե անգամ սակավաթիվ դատավորներ են լինում, որոնց վարքագծում մենք տեսնում ենք խախտումներ, դրան արձագանքում ենք, չենք խուսափում դրանից: Եվ չենք մտածում, որ եթե արձագանքենք, սա հնարավոր է էնպիսի մեկնաբանություն ստանա, ինչը Դուք ասացիք»:
Ռոբերտ Քոչարյանի գործն այժմ մակագրված է դատավոր Դավիթ Գրիգորյանին։
Ռոբերտ Քոչարյանի գործը այժմ մակագրված է դատավոր Դավիթ Գրիգորյանին:
Սակայն մեկ շաբաթ առաջ այն գործը մակագրված էր դատավոր Վարդան Գրիգորյանին, որը ինքնաբացարկ ներկայացրեց՝ պատճառաբանելով, թե այս գործն անջատվել է դեռևս 2008 թվականին հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից, իսկ այդ գործով նախաքննության ընթացքում, ինչպես նաև այդ գործից հետագայում անջատված մասերով նաև դատարաններում, ինքն իրականացրել է երկու մեղադրյալների շահերի պաշտպանությունը: Բացի այդ աշխատել է 2005 - 2013 թվականներին Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի ենթակայությամբ, իսկ Սահակյանը այժմ Քոչարյանի պաշտպաններից մեկն է:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցով Բարձրագույն դատական խորհուրդը ևս միջնորդություն է քննել՝ կրկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Նա, ըստ Քոչարյանի պաշտպանական կողմի, ևս ավելի վաղ հրաժարվել էր քննել Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունը: